Ուկրաինայում մոլեգնած ամուսինը ծվատել է կնոջը բռնաբարողի առնանդամը
Ուկրաինայի Խարկովի մարզում տեղի բնակիչը, տեսնելով, թե ինչպես են փողոցում բռնաբարում իր կնոջը, ծվատել է բռնաբարողի առնանդամը։ Բռնաբարողին մահից փրկել է ոստիկանական պարեկը, տեղեկացնում է «Ֆակտի»-ն։
Հոկտեմբերի 13-ի գիշերը, Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի Շեւչենկովո գյուղում պարեկելիս արագ արձագանքման ոստիկանական խումբը նկատել է կնոջ, որի հագուստը «կարգին վիճակում չէր», եւ կողքին պառկած տղամարդու։ Մոտենալով նրանց՝ իրավապահները տեսել են, որ տղամարդու գլուխը ջարդված է, եւ նա ուժեղ արնահոսություն ունի աճուկների շրջանում։ Տուժածին, որը Օգուրցովկա գյուղի 25-ամյա բնակիչ էր, հոսպիտալացրել են։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրա առնանդամը լրիվ կտրված է, եւ տուժել են ամորձիները։ Իսկ ոստիկանության Շեւչենկովոյի բաժանմունք հասցված կինը դիմում է գրել բռնաբարության մասին։
Ինչպես պարզել է քննությունը, այդ երեկո կինն ամուսնու եւ ընկերների հետ հանգստանում էր տեղի սրճարանում։ Գիշերվա ժամը 1-ի մոտ նա մենակ գնացել է տուն։ Բայց տան մոտ, որից մինչեւ սրճարան ընդամենը մի քանի րոպե է ոտքով, նրա վրա հարձակվել է անհայտ մեկը եւ օգտվելով ֆիզիկական առավելությունից՝ սկսել բռնաբարել։ Բայց այդ ժամանակ տուն է վերադարձել նաեւ զոհի ամուսինը։ Ճիչեր լսելուց հետո շտապելով օգնության՝ նա տեսել է, որ ինչ-որ մեկը բռնաբարում է իր կնոջը եւ բռնաբարողին հանելով կնոջ վրայից՝ ազատություն է տվել զգացմունքներին։ Բարեբախտաբար, ոչ հեռվում պարեկում էին ոստիկանները, որոնց նկատելով՝ մոլեգնած ամուսինը դիմել է փախուստի։
Բռնաբարության եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու փաստով քրեական գործեր են հարուցվել։ Քրեական հետախուզության աշխատակիցները կալանավորել են փախստականին նույն գիշեր, «Ֆակտի»-ին պատմել է Խարկովի մարզային ոստիկանության հաղորդակցության բաժնի պետի տեղակալ Օքսանա Կալմիկովան։ Մարմնական ծանր վնասվածքներ պատճառելու համար 27-ամյա տղամարդուն սպառնում է 5-8 տարվա ազատազրկում։ Բռնաբարողին ավելի քիչ պատիժ է սպառնում՝ 3-5 տարի։