Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հիասթափված է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ վերջին հանդիպումից
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հիասթափված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ վերջին հանդիպումից։ Այս մասին նա ասել է «Իզվեստիա»-ի հարցազրույցում։
«Առայժմ մենք միայն արդյունքների ենք սպասում։ Վերջին անգամ մենք հանդիպել ենք ԱՄՆ-ում մեկ ամիս առաջ։ Ես արդեն ասել եմ, որ, ցավոք, մենք պետք է խոսենք ոչ թե բանակցությունների, այլ հենց հանդիպման մասին։ Թեեւ վերջին նման հանդիպումը հայ գործընկերոջ հետ եղավ Նյու Յորքում Մինսկի խմբի մասնակցությամբ, անկեղծ ասած, ես դրանից փոքր-ինչ հիասթափված եմ»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ «եթե մենք ցանկանում ենք առաջ շարժվել եւ իսկապես ուզում ենք այդ վեճի քաղաքական լուծում, ապա, իհարկե, պետք է սկսել այն, ինչը նշվում է իմ սիրած բառերով՝ «սուբստանտիվ բանակցություններ»,- որպեսզի լինի ինչ-որ սուբստանցիա, որի հիման վրա խոսակցություն ընթանա։ Այո, մենք բանակցություններ վարում էինք, բայց Մինսկի համանախագահները մի պահ ասացին. բայց հասկանո՞ւմ եք, ռազմական գործողություններ են շփման գծում...
Բայց հանուն օբյեկտիվության, վերջին տարիներին (ի դեպ, որքա՞ն է արդեն, սկսել ենք Պրահայում, հետո դա Մադրիդյան փաստաթուղթն էր), բոլոր ժամանակներում շփման գծում բավական թեժ է եղել։ Եվ այնուամենայնիվ, մենք կարողացել ենք լուծել խնդիրներ, առաջ շարժվել ու բավական լուրջ, առարկայական բանակցություններ ենք վարել, թե ինչպես լուծենք ընթացիկ հարցերը, առաջին հերթին՝ պայմանավորվել, որպեսզի զինվորականները վերադառնան իրենց զորամասեր, իսկ մշտական բնակության վայրերից քշված մարդիկ տուն վերադառնան։ Եվ դրանից հետո մնացած բոլոր հարցերը կարելի էր լուծել։
Եվ այն, ինչը դրվել է Մադրիդյան փաստաթղթի հիմքում 2008 թվականին, հետո դրա վերանայված տարբերակը 2010-ին, հետո Կազանի փաստաթուղթը՝ այս ամենը վերամշակվում է, վերամշակվում, բայց ըստ էության մնում է հիմք բանակցությունների համար։ Եվ մենք անընդհատ ասում ենք մեր համանախագահներին. մենք ոչ մի տեղ չենք փախչի, պետք է նստել եւ առարկայորեն վարել բանակցություններ Երեւանի հետ այն փաստաթղթի շուրջ, որն այսօր գտնվում է սեղանին»։