Թրամփն Էրդողանին սպառնալիքներով նամակ է գրել Սիրիա թուրքական զորքերի ներխուժման օրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած նամակում նախազգուշացրել է «չհիմարանալ» եւ հայտարարել, որ իրեն վտանգում է պատմության մեջ մնալ որպես «հրեշ»: ԱՄՆ նախագահը նամակը Էրդողանին է ուղարկել Սիրիա թուրքական զորքերի ներխուժման օրը, հայտնում է The Guardian-ը:
Պարբերականը նշում է, որ նամակը, որն առաջինը հայտնվել է Fox Business-ի թղթակից Թրիշ Ռեգանի տրամադրության տակ, կարճ էր եւ սկսվում էր բացահայտ սպառնալիքով:
«Եկեք լավ գործարք կնքենք... Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց սպանության համար, իսկ ես չեմ ուզում պատասխանատվություն կրել թուրքական տնտեսության կործանման համար, իսկ ես դա կանեմ»,- պարբերականը մեջբերում է կատարել նամակից:
ԱՄՆ նախագահն իր նամակում Էրդողանին ասել է, որ «պատմությունը նրա հանդեպ բարեհաճ կլինի», եթե Թուրքիայի նախագահը մարդասիրաբար վարվի, բայց նա դրանում կմնա որպես «հրեշ», «եթե լավ բան տեղի չունենա»:
«Մի՛ եղեք համառ: Մի՛ եղեք հիմար: Ես ձեզ ավելի ուշ կզանգահարեմ»,- նշված է նամակում:
Արտասովոր նամակը սկզբում թերահավատորեն են ընդունել՝ այն «կատակ» անվանելով:
Այդուհանդերձ, նշվում է, որ Սպիտակ տունը տարբեր լրատվամիջոցների հաստատել է նամակի հավաստի լինելը: