50 ամերիկյան միջուկային ռումբ «պատանդ է պահվում» Էրդողանի մոտ. New York Times
Ամերիկացի պաշտոնական անձինք քննարկում են մինչեւ 50 միջուկային ռումբի տեղափոխման ծրագիրը, որոնք երկար ժամանակ պահվել են Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում:
Այժմ զենքը փաստացի «պատանդ է պահվում» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մոտ: Այս մասին New York Times-ին ասել է բարձրաստիճան պաշտոնյան:
The Guardian-ի հաղորդմամբ՝ սառը պատերազմի դարաշրջանի B61 ռումբերը գտնվում են սիրիական սահմանից 100-250 մղոն հեռավորության վրա: Ամերիկացի նախկին պաշտոնյան հայտարարել է, որ թուրք դիվանագետները պատասխանել են ռումբերի տեղափոխման առաջարկներին՝ հայտարարելով, որ Թուրքիան կսկսի մշակել իր սեփական ռումբերը:
«Պոտենցիալ խնդիրները քննարկվել են ավելի քան 10 տարի: Եվ այժմ, վերջապես, հասել ենք այն կետին, որ դա խնդիր է, որը մենք չենք կարող անտեսել»,- ասել է նախկին պաշտոնյան:
Էրդողանն ավելի վաղ ցանկություն է հայտնել ընդլայնել Թուրքիայի միջուկային զինանոցը: «Որոշ երկրներ միջուկային մարտագլխիկով հրթիռներ ունեն: Սակայն ասում են, որ ես չպետք է նման հրթիռներ ունենամ: Ես դա չեմ ընդունում»,- սեպտեմբերին հայտարարել է Էրդողանը:
Հոկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արեւելքից իր զորքերի դուրսբերման մասին՝ ուղի հարթելով թուրքական օդային եւ ցամաքային ներխուժման համար: Էրդողանի զորքերը նույն օրը ցամաքային գործողություններ են սկսել:
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել է, որ հրետակոծվել է Քոբանի քաղաքը: Ամերիկացի զինվորների շրջանում տուժածներ չեն եղել:
Երկուշաբթի Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն ծրագրին համապատասխան եւ կտեղափոխվեն իրավիճակի մոնիթորինգի եւ 2014-ի կրկնումը կանխելու համար, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տարածքային խոշոր զավթումներ իրականացրեց: «Թող Սիրիան եւ նախագահ Ասադը պաշտպանեն քրդերին ու իրենց հողն ու պայքարեն Թուրքիայի դեմ: Ես իմ գեներալներին ասել եմ՝ ինչո՞ւ մենք պետք է պայքարենք Սիրիայում: Ով ցանկանում է օգնել Սիրիայի քրդերին, ես դեմ չեմ, լինի Ռուսաստանը, Չինաստանը, թե Նապոլեոն Բոնապարտը: Հուսով եմ՝ նրանց հետ ամեն ինչ լավ կլինի, մենք 7000 մղոն հեռու ենք»: