Հրապարակվել է կանանց անվտանգության վարկանշային ցանկը՝ ըստ National Geographic-ի. Հայաստանը 82-րդ տեղում է
National Geographic-ը կազմել է երկրների վարկանշային աղյուսակը՝ ըստ այդ երկրներում կանանց անվտանգության և ներգրավվածության չափանիշների:
Ցանկը կազմելիս հաշվի են առնվել ֆիզիկական բռնության ենթարկվելու, հակամարտությունների հետևանքով մահացության դեպքերը, փողոցում քայլելիս անվտանգության զգացումը, աշխատանքային պայմանները, հասարակության մեջ ներգրավվածությունն ու կանանց ու տղամարդկանց միջև խտրականության դրսևորումը:
Հայաստանն այս ցանկում հայտնվել է 82-րդ տեղում՝ զիջելով հարևան Վրաստանին (46-րդ հորիզոնական) և շրջանցելով Ադրբեջանին (123-րդ հորիզոնական), Թուրքիային (114-րդ հորիզոնական), Իրանին (117-րդ հորիզոնական):
Մեր երկրում լավ է գնահատվել անվտանգության մակարդակը, կրթությունը, բավարար՝ զբաղվածությունը, ներկայացվածությունը կառավարության կազմում, վատ՝ ֆինանսավորման հասանելիությունը:
Առաջին հորիզոնականները զբաղեցրել են Նորվեգիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Դանիան, Իսլանդիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան և Նիդեռլանդները:
Ռուսաստանը 51-րդ տեղն է զբաղեցրել: Իսկ վերջին տեղերում հայտնվել են Եմենը, Աֆղանստանը, Սիրիան, Պակիստանը, Հարավային Սուդանը, Իրաքը: Ընդհանուր առմամբ, վարկանիշում տեղ է գտել 167 երկիր:
Women, Peace, and Security Index վարկանիշն ամեն տարի կազմվում է 2017 թվականից ի վեր: