Հայտնի սուպերմոդելին անվանել են աշխարհի ամենագեղեցիկ կինը
Պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դե Սիլվան հետազոտություն է անցկացրել, որը ցույց է տվել, որ ամերիկացի սուպերմոդել Բելա Հադիդի դեմքն առավելագույնս մոտեցված է «ոսկե համադրությանը», հայտնում է The Sun-ը։
Նա դիտարկել է նրանց շուրթերի, քթի, կզակի, ճակատի եւ ծնոտի դիրքը։ Պարզվել է՝ Հադիդն ամենամոտն է իդեալական ֆիզիկական համաչափությանը՝ 94,35 տոկոս։ Այդ պատճառով նրան կարելի է համարել աշխարհի ամենագեղեցիկ կինը։
«Բելան բացարձակ հաղթող էր, երբ դեմքի բոլոր էլեմենտները չափվել են ֆիզիկական կատարելության առումով։ Նրա դեպքում կզակի առումով ամենաբարձր ընդհանուր ցուցանիշն էր՝ 99,7 տոկոս։ Իդեալական ձեւին չի բավարարել ընդամենը 0,3 տոկոս»,- հայտարարել է բժիշկը։
Երկրորդ տեղում հայտնվել է երգչուհի Բեյսոնսեն՝ 92,44 տոկոս արդյունքով, երրորդում՝ դերասանուհի Էմբեր Հերդը. նրա դեմքը «ոսկե համադրությանը» մոտ է 91,85 տոկոսով։ Ընդ որում, նա ամենակատարյալ քիթն ունի։
Տասնյակում հայտնվել են նաեւ Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆթը, Քեյթ Մոսը, Սքարլեթ Յոհանսոնը, Նատալի Փորթմանը, Քեթի Փերին եւ Կարա Դելեւինը։
Պլաստիկ վիրաբույժը նշել է, որ համակարգչային նոր մեթոդները գիտնականներին օգնում են պատասխանել հարցին՝ ինչն է մարդուն ֆիզիկապես գեղեցիկ դարձնում, ինչպես նաեւ ավելի գրագետ ծրագրել հիվանդների վիրահատությունը։