Միջադեպերի դինամիկան Ադրբեջանի բանակում կայուն պահպանվում է. տարեսկզբից՝ ոչ մարտական կորուստների 30 դեպք
2019 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի ուժային կառույցներում գրանցվել է ոչ մարտական կորուստների մոտ 30 դեպք։ Այս մասին վկայում են ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները։
Զոհվելուց բացի, գրանցվել է նաեւ վիրավորվելու ավելի քան 20 դեպք։
Չնայած իշխանությունները մանրակրկիտ թաքցնում են այդ բոլոր դեպքերը, տեղեկատվությունն, այնուամենայնիվ, հայտնվում է ԶԼՄ-ներում։ Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի (CDSI) տվյալներով՝ 2018 թվականին զոհվել է 37 ադրբեջանցի զինծառայող։ Նրանցից միայն 6-ն է զոհվել մարտական պայմաններում, 31-ը՝ ոչ մարտական կորուստներ են։ Հատկանշական է, որ ութ հոգի զոհվել է չբացահայտված հանգամանքներում, չորս հոգի՝ ծառայակցի կրակոցներից, երկուսը մահացու վիրավորվել է ականների պայթյունից, եւս երկուսը ինքնասպանություն է գործել։ Զոհվածներից երեքը պայմանագրային ծառայողներ էին, 25 մարդ՝ ժամկետային ծառայող, չորս հոգի՝ ենթասպա, հինգը՝ սպա։ Նրանցից 32 մարդ ծառայել է պաշտպանության նախարարությունում։ Միեւնույն ժամանակ, պաշտպանության նախարարությունը ոչ մի տեղեկություն չի հաղորդել իր զինծառայողների մահվան 32-ից 20-ի դեպքում։
Վիրավորումներ կամ վնասվածքներ 2018 թվականին ստացել է ադրբեջանցի 21 զինծառայող, եւ միայն մեկն է տուժել մարտական պայմաններում։
2017 թվականին զոհվել է Ադրբեջանի 59 զինծառայող, նրանցից 19-ը՝ մարտական պայմաններում, ոչ մարտական պայմաններում՝ 40 մարդ։
Սոցիալական ցանցերում ադրբեջանական հասարակությունը լայնորեն քննարկում է իրավիճակը՝ կշտամբելով իշխանություններին անգործության համար։ Տեղի են ունենում կոնկրետ դեպքեր, երբ զինծառայողները հրամանատարության անփութության պատճառով դրամական վճարումներ չեն ստանում, եւ արդյունքում, ընտանիքի անդամներին պահելու համար միջոցներ փնտրելու նպատակով, նրանք դիմում են հանցագործությունների՝ հափշտակելով եւ վաճառելով արժեքավոր զինվորական գույքը։ Ադրբեջանական բանակի ծառայողների օրինական արձակուրդը տրամադրվում է որոշակի գումարի դիմաց (ԱՄՆ 100 դոլար)։ Որոշակի վճարի՝ 1000 ԱՄՆ դոլարի դիմաց կարելի է «գնել» տաքուկ եւ անհարմարություններից ապահով ծառայություն ԱՀ ԶՈւ «էլիտար» զորամասերում։
Րաֆֆի Սամվելյան