Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիայում
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Տուրկու քաղաքի «Վերիտաս» ստադիոնում հյուրընկալվեց Ֆինլանդիային:
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:3 հաշվով:
Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող Ֆրեդրիկ Յենսենը: Իր թիմի առավելությունը 61-րդ րոպեին կրկնապատկեց Տեմու Պուկին, որը 88-րդ րոպեին դուբլ ձևակերպեց:
Հայաստանի հավաքականն այժմ 10 միավորով երրորդ տեղում է և 11 միավորով հետ է առաջատար Իտալիայից, 5 միավորով՝ երկրորդ տեղը զբաղեցնող Ֆինլանդիայից:
Հայաստանի հավաքականն ընտրական փուլի 9-րդ տուրում նոյեմբերի 15-ին տնային խաղում կմրցի Հունաստանի հետ: Վերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին արտագնա հանդիպում կանցկացնի Իտալիայի հավաքականի հետ:
Եվրո-2020, J խումբ, 8-րդ տուր
Ֆինլանդիա - Հայաստան՝ 3:0
Ֆրեդրիկ Յենսեն, 19, Տեմու Պուկի, 61, 88