ԱՄՆ-ում պահանջում են հրապարակել Թրամփ-Էրդողան զրույցի սղագրությունը
Կոնգրեսը պետք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրի ներկայացնել իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի բոլոր մանրամասները: Հեռախոսազրույցից հետո ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիս-արեւելքից դուրս բերելու մասին անսպասելի որոշում կայացվեց, գրում է CNN-ը:
Թուրքիան հոկտեմբերի 9-ին՝ Թրամփ-Էրդողան զրույցից 3 օր անց, հայտարարել է Սիրիայի հյուսիս-արեւելքում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների սկզբի մասին:
«Սիրիայի հարցով Թրամփի որոշումն այնքան վնասակար է, որ անհրաժեշտ է բացատրել՝ որն է պատճառը: Ի՞նչ են խոսել Թրամփն ու Էրդողանը: Ինչո՞ւ է Թրամփը համաձայնել նահանջել եւ Էրդողանին թույլ տվել նման քայլ անել»,- հարց է ուղղում հեռուստաալիքը:
Հոկտեմբերի 10-ին կոնգրեսական Թիմ Ռայանը զրույցի սղագրությունը հրապարակելու համար պաշտոնական խնդրանքով դիմել է Թրամփի վարչակազմին:
«Կոնգրեսը պետք է հասկանա, թե ինչու է Թրամփը նման որոշում կայացրել՝ հաշվի առնելով նրա գործնական կապերը Ստամբուլի հետ եւ շահերի բախումը»,- ասել է նա:
«Ի՞նչ է Էրդողանն ասել նախագահ Թրամփին, որից հետո Թրամփն անսպասելի որոշում է կայացրել: Մեր արտաքին քաղաքականությունը չպետք է վարվի անկայուն եւ անխոհեմ գլխավոր հրամանատարի քմահաճույքներով, որն իր գործնական շահերն ու ցանկություններն ԱՄՆ ազգային անվտանգությունից վեր է դասում»,- նշել է կոնգրեսականը: