«Սևան Ազգային Պարկի տնօրենը մեզ հետ չի հանդիպում, իսկ մեր բողոք-պահանջն է, որ խաչին ձեռք չտան, կրպակը կարող են քանդել». Սևանա թերակղզու բնակիչ
Operativ լրատվականը վաղ առավոտից հետևում է Սևանա թերակղզում ծավալվող իրադարձություններին:
Հիշեցնենք, այսօր առավոտյան Operativ լրատվականը ահազանգ էր ստացել մեր ընթերցող Մհեր Պողոսյանից, որը պնդում է, թե Սևան ազգային պարկում անօրինական հիմունքներով խաչքար են քանդում:
Մհերը հաղորդում էր, որ երեկ ընդհարումից հետո տեղի բնակիչների հետ, աշխատանքները կանգնեցվել էին, բայց քիչ առաջ դրանք վերսկսվել են:
«Ես գտնվում եմ հիմա այնտեղ, փորձում էի խանգարել, ինձ անգամ սպառնացին, որ կձերբակալեն», - փոխանցել է Մհերը հեռախոսազանգով:
Operativ լրատվականը կապ էր հաստատել Սևան Ազգային Պարկի տնօրեն Վահե Գուլանյանի հետ՝ պարզելու Սևան Ազգային Պարկի տնօրինության տեսակետը այս հարցի վերաբերյալ, ով հավաստիացրեց, թե ոչ մի անօրինական գործողություն այժմ Սևանա թերակղզում չի կատարվում, ընդհակառակը՝ վերացվում են ապօրինի գործողությունների և տարածքի զավթման արդյունքները:
Ազգային Պարկի տնօրենը մեզ հետ զրույցում հերքել էր ավելի վաղ մեր ընթերցողի՝ Մհերի պնդումները, թե տվյալ տարածքում աղբանոց է եղել:
Սակայն մեր ընթերցողը՝ Մհերը, շարունակում է պնդել, որ իրենք են այդ տարածքը աղբից մաքրել, բարեկարգել, ինքը Մհերը մասնակցել է այդ աշխատանքներին:
Մհերը տրամադրել է լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք ստորև:
Ինչ վերաբերում է տարածքի ապօրինի զավթմանը կամ կրպակի տեղադրմանը, Մհերը պնդում է, որ իրենք բնակիչները դեմ չեն, եթե տվյալ կրպակը ապօրինի է այնտեղ, թող քանդեն, բայց բնակիչների բողոքն այն է, որ ձեռք են տալիս խաչին: Անկախ նրանից, ինչ նյութից է այն պատրաստված, դա կարծես դարձել է զբոսաշրջիկների հավաքատեղի, որտեղ գալիս են, լուսանկարվում, մոգական ուժ ստանում:
«Մենք չենք ասում, ինչու եք առևտրի կրպակը ապամոնտաժում, թեև, ճիշտը որ ասենք, Սևանա թերակղզու ողջ երկայնքով բազմաթիվ են ապօրինի առևտրի տաղավարներն էլ, կրպակներն էլ, որոնք միայն սեզոնային եկամուտ են բերում իրենց տերերին, ապա ամռան ավարտի հետ շատերը անգամ հավաքվում, փակվում, մինչև մյուս ամառ, մենք ասում ենք՝ խաչին ձեռք մի տվեք»,- պարզաբանում է Մհերը:
Ըստ երիտասարդի՝ իրենք տևական ժամանակ է, փորձում են կապ հաստատել Վահե Գուլանյանի հետ կամ հանդիպել նրան, բայց ապարդյուն: