Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արեւելք աղետ է տարածաշրջանի համար. սաուդցի դիվանագետ
Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արեւելք աղետ է տարածաշրջանի համար։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի նոր դեսպան, արքայազն Հալիդ իբն Բանդար բեն Սուլթան ալ Սաուդը, տեղեկացնում է Guardian-ը։
Ելույթ ունենալով Միավորված ծառայությունների թագավորական ինստիտուտի վերլուծական կենտրոնում՝ դիվանագետը նշել է, որ Թուրքիայի հարձակումը քաոս է ստեղծում։ «Վերջինը, ինչ մեզ պետք է, տարածաշրջանում քաոսի եւս մեկ ճակատն է, եւ ես կարծում եմ, որ մենք այն հենց նոր ունեցանք»։ Պատասխանելով հարցին, թե արտոնել է արդյոք ԱՄՆ նախագահը Թուրքիայի ներխուժումը՝ հայտարարելով ամերիկյան զորքերը Սիրիայի այդ շրջանից հանելու մասին, դեսպանը պատասխանել է. «Մենք մտահոգված ենք։ Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, եւ (ամերիկյան) զորքերի դուրսբերումը վստահություն չի ներշնչում»։ Նա ասել է, որ անհանգստացած է Թրամփի վերջերս արած որոշ նկատառումներից՝ նրան անվանելով «թվիթների հրեշ», բայց խոստովանելով, որ այդ թվիթները նախագահի միայն նախնական արձագանքն էին։