Պետք է դժբախտ դեպք լիներ, որ խնդիրը լուծվեր ու դրամական միջոցները գտնվեի՞ն. Վայքի ջրատարում խեղդված 1–ամյա երեխայի հայրը ահազանգում է՝ ջրատարը սպառնալիք է դարձել
Սեպտեմբերի 28–ին Վայքի ջրատարում ջրահեղձ եղած 1 ամյա երեխայի հայրը՝ զինվորական Արտուշ Թարոյանն ահազանգում է՝ իրենց թաղամասով հոսող ջրատարն աղետ է դարձել ընտանիքի համար։
NEWS.am–ի հետ զրույցում Արտուշ Թարոյանը հայտնել է, որ իր տանից ընդամենը 8 մ հեռավորության վրա գտնվող բաց ջրատարը պատուհաս է դարձել տարածքում բնակվող 4 ընտանիքների համար։
«Ջրատարը 1,50–1,60 մ խորությամբ է, գտնվում է անմխիթար վիճակում, պարբերաբար տակից ջուր է թողնում։ Մշտապես մեր եւ հարակից 3 տներում ջուր է լցվում, փլվածքներ են առաջանում, 20 սմ բարձրությամբ ջուրը լցվել՝ մնացել է իմ այգում»,–դժգոհել է զրուցակիցը։
Թարոյանը նշել է, որ բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնել են խնդրի մասին՝ հորդորելով պատկան մարմիններին ծածկել ջրատարը կամ գոնե վերանորոգել, սակայն ապարդյուն։
«Պատկան մարմիններն իրար վրա են գցում, քանի որ ծախսատար է, դիմել ենք մարզպետարանին, քաղաքապետարին, ջրային կոմիտեին. բնակիչներով ստորագորահավաք ենք արել, սակայն ամեն մեկն իր հերթին ասաց՝ ջրատարը մերը չէ»,–ասել է նա։
Զինվորականը պատմել է, որ նախքան մանկահասակ երեխայի մահվան դեպքը՝ ջրատարից հոսող ջրի պատճառով փլուզվել են իր տան աստիճանները։
Խոսելով ողբերգական դեպքի մասին, հայրը պատմել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել հաշված րոպեների ընթացքում։
«Դեպքը տեղի է ունեցել 1-2 րոպեի ընթացքում, էրեխան տանն է եղել, մեծ աղջիկս տարել է կոնֆետներ է բաժանել բակում գտնվող երեխաներին, մի պահ եկել է տուն, որ խաղող լվանա՝ տանի երեխաներին, այդ ընթացքում երեխան գնացել ընկել է ջուրը»,–պատմել է նա։
NEWS.am–ի հետ զրույցում Վայք համայնքի ղեկավար Թարո Ավետյանն էլ նշել է, որ մեկ շաբաթ է արդեն ոռոգման ջուրն անջատել են, որպեսզի ոռոգման ցանցում վերանորոգման աշխատանքներ իրականացնեն։ Նա նշել է, որ ջրատարի այն հատվածում, որին հարակից բնակելի տներ կան, ջուրը կանցկացնեն խողովակաշարի միջոցով։
Հարցին, թե ինչու՞ խնդիրը չէին լուծում մինչև երեխայի հետ կատարված դեպքը, Ավետյանը պատասխանել է.
«Նյութական միջոցներ չկային, հիմա հայթայթել ենք»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 18:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու առաջին նրբանցքում կորել է 1 տարեկան երեխա։ Դեպքի վայր ժամանած փրկարարները եւ ոստիկանները Վայքի մայր ջրատարից դուրս են բերել 1–ամյա Արամ Թ.-ի դին: