Ահազանգ Սևան ազգային պարկից (Տեսանյութ և լուսանկարներ)
Այսօր առավոտյան Operativ լրատվականը ահազանգ է ստացել մեր ընթերցող Մհեր Պողոսյանից, որը պնդում է, թե Սևան ազգային պարկում անօրինական հիմունքներով խաչքար են քանդում:
Մհերը տրամադրել է նաև տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում հստակ երևում է, որ հուշարձանը քանդելու համար ընդհուպ մինչև օգտագործվում է տեխնիկա:
«Գործողությունները ծավալվում են Սևանի թերակղզում, Սևանավանքի տարածքում, այդ խաչքարը գտնվում է այժմյան այսպես կոչված աղբանոցի տարածքում: Այդ հատվածը չի օգտագործվում, ժողովուրդը այն վերածել է աղբանոցի: Եվ հիմա Սևանի Պարկի տնօրենը՝ Վահե Գուլանյանը, առանց սպասելու դատարանի կողմից թույլտվության, առանց որևէ օրինական փաստաթղթի, քանդում է հուշարձանը՝ բացատրելով, որ մաքրում են տարածքը»,- Operativ լրատվականի հետ զրույցում ասաց Մհերը:
Մհերի խոսքով՝ անգամ տնօրեն Գուլանյանը իր աշխատակիցներին սպառնացել է, որ եթե չքանդեն հուշարձանը, նրանց աշխատանքից կհեռացնի: Մի քանիսը երեկ երեկոյան նույնիսկ ազատման դիմում են գրել: