Չինաստանում նորածին տղային մոր արգանդից դուրս են բերել ամնիոտիկ պարկով
Չինաստանում նորածին տղային մոր արգանդից դուրս են բերել, երբ նա դեռեւս չվնասված ամնիոտիկ պարկի մեջ էր, փոխանցում է Fox News-ը:
Երեխան ծնվել է հղիության 36-րդ շաբաթում կեսարյան հատմամբ, եղել է նախակոնքային դիրքում եւ բարդություններ ունեցել պորտալարի փաթաթված լինելու պատճառով, ինչով պայմանավորված վաղաժամ ծննդաբերությունն անհրաժեշտություն էր:
Չվնասված ամնիոտիկ պարկում գտնվող երեխայի ծնունդը կարող է դիտավորյալ արվել, չնայած դա դեռեւս հազվադեպ երեւույթ է: Արեւելյան Չինաստանի Ֆուցզյանի մայրության եւ մանկության պահպանման հիվանդանոցից բժիշկ Պան Մյանն ասել է, որ այս քայլին է դիմել, քանի որ երեխան անհաս էր:
«Մենք այս միջամտությունն ընտրեցինք, քանի որ անհաս երեխաները ժամանակին ծնվողներից ավելի թույլ են,- ասել է նա Asia Wire-ի հետ հարցազրույցում: - Քանի որ վաղաժամ ծննդաբերությունը համարվում է մանկական մահացության հիմնական պատճառներից մեկը, երեխային ամնիոտիկ պարկով հանելը թույլ է տալիս նվազեցնել խոնավության կորուստը, կանխում է վաղաժամ ծննդաբերության ժամանակ ջերմաստիճանի արագ կորուստը եւ նվազեցնում է կեսարյան հատման ժամանակ պտղի վնասվելու հավանականությունը»:
Բժշկի խոսքով՝ երեխան ամնիոտիկ պարկի մեջ է մնացել ծնվելուց հետո եւս 2 րոպե, մինչեւ բժիշկները բացել են թաղանթը եւ նրա թոքերը մաքրել: