Թրամփը շարունակում է Թուրքիային սպառնալ «մեծ պատժամիջոցներով»
Թուրքիան Սիրիայի հյուսիս-արեւելք ներխուժման հետ կապված կբախվի անխուսափելի պատժամիջոցների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, միեւնույն ժամանակ հասկացնելով, որ Վաշինգտոնը կփորձի խուսափել Անկարայի հետ կոնֆլիկտից: «Թուրքիայի դեմ մեծ պատժամիջոցները մոտենում են»,- ասել է Թրամփը, հաղորդում է AFP-ը:
Վաշինգտոնն ու նրա գործընկերները դատապարտել են Թուրքիայի ներխուժումը Սիրիա, սակայն պատժամիջոցների սպառնալիքները չեն կանգնեցրել Թուրքիային:
Թրամփը նաեւ ենթադրել է, որ քրդերը կանխամտածված ազատ են արձակում «Իսլամական պետության» որոշ ձերբակալված գրոհայիններին՝ «ԱՄՆ-ին կոնֆլիկտի մեջ նեգրավելու համար»:
«Մի՞թե մարդիկ իսկապես կարծում են, որ մենք պատերազմ կսկսենք ՆԱՏՕ-ի մեր գործընկեր Թուրքիայի հետ: Այդ նույն մարդիկ մեզ ներքաշեցին Մերձավոր Արեւելքի անկարգությունների մեջ: Դրանք մարդիկ են, որոնք ամենից շատն են ցանկանում այնտեղ մնալ»,- նշել է նա:
Սակայն դեռեւս հայտնի չէ՝ արդյոք Թրամփը մտադիր է պատժամիջոցների մասին հրամանագիր ստորագրել: Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի խոսքով՝ Կոնգրեսն արագ կգործի: «Թուրքիայի նախագահն իր քաղաքական կյանքում մեծ սխալ թույլ տվեց: Վարչակազմի հետ աշխատող հանրապետականներն ու դեմոկրատները պատրաստ են վտարել նրան Սիրիայից»,- ասել է նա:
Ավելի վաղ Թրամփը կարգադրել է Սիրիայի հյուսիսային հատվածից դուրս բերել ամերիկացի 1000 զինվորականներին՝ ռազմական գործողություններից խուսափելու համար:
«Մենք ամերիկյան զորքեր ունենք, որոնք, հավանաբար, երկու հակամարտող բանակների միջեւ կհայտնվեն, եւ դա տհաճ իրավիճակ է»,- CBS-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը: