Տղես գնաց բանակ, եկավ, տեսավ, փողոցում ա մնացել. Հայաստանի քաղաքացուն ֆինանսավորում է Թուրքիան
«Տունս խլեցին, զավթեցին, ինձ էլ փողոցները շպրտեցին, վերջում մի քանի գրոշ առաջարկեցին որպես ավտոբուսի գումար»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարիամ Գրիշյանը: Արդեն տասը տարի է, ինչ տիկին Մարիամը ՀՀ կառավարության շենքի դիմաց իր բողոքն է հայտնում: Բանն այն է, որ Մարիամ Գրիշյանը Հյուսիսայի պողոտայի նախկին բնակիչ է, նրա խոսքով՝ տարիներ առաջ, երբ սկսել են Հյուսիսային պողոտայի շինարարությունը, «պետական կարիքների համար» իր ողջ ընտանիքին վտարել են տնից:
«Հետո ասում են թուրքերն եկան, գենոցիդ արին, չէ իրենք չեն արել… Հայաստանում բռնեցին ազատությունը խառնեցին Եվրոպայի պոռնկության հետ, սարքեցին շիլաշփոթ: Մեզ դարձրեցին ստրուկ»,-ասաց նա:
Մեր հարցին, թե որտեղ և ինչ պայմաններում է ապրում տիկնոջ ընտանիքը, արդյո՞ք որևէ մեկը չի աջակցում, նա պատասխանեց ՝ երբ դեռ նոր էին իրենց վտարել տնից, Րաֆֆի Հովհաննիսյանը աջակցեց, ֆինանսավորեց, սակայն տղաների չափահաս դառնալուն պես ֆինանսավորումը կասեցվեց. «Այդ ժամանակ ես այստեղ ելույթ ունեցա, Ստամբուլից լրագրող էր եկել, նա իմ պատմությունը ներկայացրեց Թուրքիային, էնտեղից թուրք պաշտոնյանները սկսեցին ինձ ֆֆինանսավորել, նաև առաջարկել, որ գնամ ու ապրեմ Թուրքիայում, մի անգամ գնացի Ստամբուլ եկա, ասեցի՝ ինձ Ստամբուլի ապարանքը պետք չէ, ես իմ տունն եմ ուզում»:
Սակայն Թուրքիայից ֆինանսավորումը դեռ շարունակվում է: Մեր հարցին, թե ամսական որքան գումար են փոխանցում իրենց, տիկինը պատասխանեց. «1000-ից 3000 դոլար: Բայց երբեմն լինում է, որ չեն ուղարկում: Երբեմն չեմ կարողանում տանս վարձը տալ, ստիպված փողոցներում, այգիներում եմ քնում»:
Մեր հարցին, թե ինչով են զբաղվում տիկնոջ ընտանիքի անդամները՝ մասնավորապես երեխանները, արդյո՞ք հաճախում են դպրոց, վերջինս պատասխանեց. «ՉԷ, սկի մենք գրանցված չենք, տուն չունենք, երեխեքն էլ անձնագիր չունեն, ծանոթներն էլ չեն գրանցում իրենց տների վրա, դե բանակի խնդիր կա, բան կա…»:
Ի դեպ, տիկին Մարիամի մեծ տղան, ով արդեն 27 տարեկան է, ծառայել է հայոց բանակում. «Գնաց բանակ եկավ, տեսավ, փողոցում ա մնացել», բողոքեց նա և հավելեց. «Սեյրան Օհանյանի հետ էլ եմ խոսել, զինկոմիսարիատի աշխատակիցների հետ էլ: Ասում են՝ եթե տղաներդ բանակ չգնան, մեկ միլիոն դրամ պիտի տուգանք տաս»:
Նաև ասում է՝ Թուրքիայի իշխանությունները, սակայն, զգուշացրել են նրանց՝ Թուրքիա չտեղափոխվելու դեպքում ֆինանսավորումը կկասեցվի. «Ես սխալվեցի, երկրորդ անգամ Ստամբուլից չպիտի գայի: Մեզ ստեղ ասում են ՝թող տղերքդ բանակ գնան, գան, նոր տեղափոխվեք Թուրքիա: Եթե տենց ա, կգնանք, Թուրքիայում կծառայեն, հայրենիքի համար են ծառայում, ոչ թե դուշմանի»:
Նազենի Բաղդասարյան