Հայաստանը հարուստ անցյալ և փայլուն ապագա ունի. «Ավրորա» ֆորումի համահիմնադիր Նուբար Աֆեյան
«Ավրորա» ֆորումի գաղափարն այն է, որպեսզի տարբեր մոտեցումներ եւ նորարարական ուղղություններ տրամադրի, բլոկչեյն տեխնոլոգիաներն այդ ծրագրի մի մասն են։ Այս մասին այսօր ասաց «Ավրորա» ֆորումի համահիմնադիր Նուբար Աֆեյանը՝ զրուցելով լրագրողների հետ Բլոկչեյնի միջազգային համաժողովի բացումից առաջ, որն ընթանում է ֆորումի շրջանակում։
«Մենք այսքան տարի Հայաստանում իրականացրել ենք զարգացման ծրագրեր տարբեր ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, զբոսաշրջություն եւ այլն։ Ներկայացնելով բոլոր ձեռքբերումները ֆորումի շրջանակում՝ մենք Հայաստանը դիրքավորում ենք որպես ապագային միտված բազմախոստում երկիր։ Չնայած Հայաստանը փոքր եւ աղքատ երկիր է, մենք հարուստ անցյալ, ուստի եւ մեծ պոտենցիալ ունենք»,- ասել է նա։
Աֆեյանը նշել է, որ Հայաստանի եւ Սփյուռքի ջանքերի միավորման պարագայում պոտենցիալը կմեծանա։ «Հաճախ խոսվում է այն մասին, որ Հայաստանի ուժը նրա Սփյուռքի մեջ է, բայց այդպես չէ։ Մեր ուժը Սփյուռքի եւ Հայաստանի կապի մեջ է, առանց կապի առկայության Սփյուռքը ինքնին ուժ լինել չի կարող»,- ասել է նա։ Աֆեյանը նշել է Սփյուռքից Հայաստանում բարձրորակ մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ եթե հաստատվի նրանց կապը պատմական հայրենիքի հետ, ապա ժամանակի ընթացքում Հայաստանը կդառնա շատ ավելի հաջողակ երկիր։