Ինչպես բլոկչեյն տեխնոլոգիան կփոխի տրանսպորտի և փոխադրման ոլորտը. Ռոբերտ Շվերթներ
Բլոկչեյն տեխնոլոգիան կարող է օգտագործվել ոչ միայն կրիպտոարժույթի հետ աշխատելիս, այլև շատ այլ ոլորտներում, օրինակ՝ տրանսպորտի և փոխադրման ոլորտներում։ Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բլոկչեյնի գծով փորձագետ, CryptoRobby-ի ղեկավար Ռոբերտ Շվերթները, բլոկչեյնը բարդ տեխնոլոգիա է, որը կարող է մեր կյանքը շատ ավելի հեշտացնել։
Փորձագետի խոսքով՝ փոխադրման ոլորտում բլոկչեյն տեխնոլոգիան կարող է օգնել ազատվել ավելորդ թղթաբանությունից. շնորհիվ այդ տեխնոլոգիայի ցանկացած փաստաթուղթ պահելն ավելի հարմար եւ անվտանգ կլինի, այդպիսի փաստաթղթերը անհնար կլինի պատահաբար ջնջել կամ կորցնել։ Բացի այդ, թղթաբանությունը կպակասի, ինչը հնարավորություն կտա խնայել բավական ժամանակ։
Բլոկչեյն տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաեւ տաքսիների նոր ցանցի ստեղծման համար, որի միջոցով օգտատերը կարող է ուղղակիորեն կապվել վարորդի, այլ ոչ թե սերվիսի հետ, որտեղ վարորդն աշխատում է։ Այդ համակարգը, մասնագետի խոսքով, արդեն կա Հարավային Կորեայում, այն կոչվում է MVL, արդեն 500 հազար օգտատեր ունի եւ 50 հազար վարորդ, համակարգն արդեն տարածվում է նաեւ ասիական այլ երկրներում։ Չի բացառվում, որ ոչ հեռավոր ապագայում այն կգա նաեւ Եվրոպայի երկրներ եւ անգամ Հայաստան։
Ռոբերտ Շվերթները եկել է Հայաստան՝ մասնակցելու ChainPoint 19 համաժողովին՝ նվիրված բլոկչեյն տեխնոլոգիաներին։ Սա փորձագետի երկրորդ այցելությունն է Հայաստան, առաջինը 1999-ին էր, եւ, նրա խոսքով, 20 տարում երկիրը անճանաչելիորեն փոխվել է։ Այցի ընթացքում փորձագետը հույս ունի Հայաստանում գտնել լավ ծրագրավորողներ եւ հետաքրքրիր սթարտափեր, որոնց հետ կարելի կլինի համագործակցել։