Սիրիայում դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ, և կարծում եմ՝ դեռ բազմաթիվ անակնկալներ են սպասվում Թուրքիային. Վարդան Ոսկանյան
Սիրիայում դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ, և կարծում եմ՝ դեռ բազմաթիվ անակնկալներ են սպասվում Թուրքիային, որովհետև ակնհայտ է, որ սիրիացի քրդերի և պաշտոնական Դամասկոսի այս կարևոր համաձայնությունը սատարելու են սիրիական թատերաբեմի երկու հզոր դերակատարներ՝ Ռուսաստանը և Իրանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Քրդական լրատվական աղբյուրները տարածել են Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջանների «Ինքնավար վարչակարգի» պաշտոնական հայտարարությունն առ այն, որ կայացել է համաձայնություն այս կառույցի և Սիրիայի իշխանությունների միջև։
Այլ խոսքերով, Սիրիայի հյուսիսի քրդական ուժերը և պաշտոնական Դամասկոսը պայմանավորվել են, որպեսզի սիրիական բանակը մուտք գործի «Ինքնավար վարչակարգի» ենթակայության տակ գտնվող տարածք և վերահսկողություն հաստատի թուրք-սիրիական սահմանի այս հատվածի ողջ երկայնքով մեկ՝ օգնելու «Սիրիայի ժողովրդավար ուժեր» անվանումով հայտնի հիմնականում քրդական զորաջոկատներին դիմագրավել թուրքական ներխուժմանը։
Ուշագրավ է, որ հայտարարության մեջ խոսք է գնում նաև մինչ այժմ Թուրքիայի և նրան ենթակա զինյալների կողմից Սիրիայում բռնազավթված այլ տարածքների՝ այդ թվում նաև Աֆրինի, համատեղ ուժերով ազատագրման մասին։
Դե, ինչ՝ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ, և կարծում եմ՝ դեռ բազմաթիվ անակնկալներ են սպասվում Թուրքիային, որովհետև ակնհայտ է, որ սիրիացի քրդերի և պաշտոնական Դամասկոսի այս կարևոր համաձայնությունը սատարելու են սիրիական թատերաբեմի երկու հզոր դերակատարներ՝ Ռուսաստանը և Իրանը»,–գրել է Ոսկանյանը։