Թուրքիայի օսմանյան մտածելակերպը աշխարհին ներկայացնելը բոլորիս գործն է. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր
Հայաստանը միջազգային քաղաքականության մեջ իր գործնական դերակատարությունը պետք է ունենա Սիրիա թուրքական ներխուժման հարցով` ի նպաստ Սիրիայի ժողովրդի, Սիրիայի կառավարության։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը։
Նրա խոսքով` Սիրիայի հարցով Թուրքիայի ներկայիս տարածողական քաղաքականությանը, օսմանյան մտածելակերպը աշխարհին ներկայացնելը բոլորիս գործն է:
«Խոսքն առանց գործի իմաստ չունի, աշխարհի տարբեր երկրների կողմից այս ներխուժումը դատապարտելը կմնա խոսք, քանի դեռ նրանք որևէ գործնական քայլ չեն ձեռնարկել՝ զսպելու Թուրքիային»,–հայտարարեց Ռեիսյանը։
Անդրադառնալով Սիրայի հյուսիս-արևելյան բնակավայրերի հայ բնակչության դրությանը, պատգամավորը շեշտեց՝ Սիրիայի հյուսիսում բնակվող հայերը տեղի ժողովրդի մի մասնիկ են և ունեն նույն խնդիրները, ինչ մյուս ազգերի ներկայացուցիչները։
«Առայժմ տեղի հայությունն անմիջական վտանգի տակ չէ, Քամիշլիի հայկական թաղամասերը, հայկական եկեղեցին դեռևս չեն հայտնվել թուրքական գնդակոծության տակ։ Վերջին տվյալներով սիրիական բանակը տարբեր շրջաններում արդեն հաստատվել է և այնտեղ բնակվող քրդերը արդեն գործում են Սիրիայի դրոշի ներքո»,–ասաց նա։
Անդրադառնալով այս իրավիճակում Սիրիայի գործողություններին, պատգամավորը հայտարարեց.
«Սիրիան որևէ կերպ չպետք է սակարկի ո՛չ իր տարածքային ամբողջականությունը, և ո՛չ իր ժողովրդի միասնականությունը։ Թուրքիայի ռազմական ներխուժումը որևէ օրինական հիմնավորում չունի։ Ո՛չ Թուրքիան և ո՛չ այլ երկրի իշխանություն, առանց սիրիական կառավարության հետ համաձայնեցնելու, իրավունք չունի մուտք գործել Սիրիա»։
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ՝ անվտանգության գոտի ստեղծելու մտադրությամբ: Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրները դատապարտել են օպերացիան՝ հանդես գալով ռազմարշավը դադարեցնելու համատեղ կոչով:
Այս օրերին Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները հայտարարել են Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին :