Ցանկացած իշխանություն գիշատիչ է, եթե ժողովուրդը թույլ տա․ Վիգեն Ավետիս (Տեսանյութ)
«Ցանկացած իշխանություն կարող է դառնալ գիշատիչ, եթե ժողովուրդը թույլ տա: Հրաշալի և գեղեցիկ ապագա է սպասվում մեզ, եթե հերթական անգամ տանուլ չտանք այն ամենը, ինչին հասել ենք: Հետխորհրդային բոլոր երկրները մեզ նախանձում են և ուզում են հետևել մեր օրինակին, մենք ստանձնել ենք իրականության կերտման գաղափարախոսությունը, թե ինչ է նշանակում արժանապատիվ պետության արժանապատիվ քաղաքացի լինելը»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 1991թ-ից Իտալիայում ապրող հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով հայտնի իրադարձություններից հետո վերադարձել է Հայաստան:
Արվեստագետի դիտարկմամբ՝ հայերն ունեն պայքարելու ավյուն, նվիրում. «Ամեն պետության մեջ հայը նվիրվում է, կերտում գաղափարախոսություն և մաքրում է այն տարածքը, որտեղ հայտնվում է: Վերջապես Հայաստանում հայն սկսեց անել այն, ինչ-որ արել է ամբողջ աշխարհում»:
«Եկել է մասնակցային պետություն դառնալու պահը: Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ամենակարևոր նորարարությունը քաղաքական-մշակութային կյանքում այն է, որ ժողովրդին դրդում են սեղծագործել: Այսինքն՝ վաղվա Հայաստանը մենք՝ ինքներս ենք կերտելու, բացվում են ճանապարհներ, որտեղ մեզ լավ կզգանք,- նշեց Վիգեն Ավետիսը:- Միգուցե որոշ հատված ցանկանում է պահպանել իր նախնական դիրքերը, դժվար է հրաժարվում բարեկեցությունից և ուշադրության կենտրոնում լինելուց: Նույնիսկ արվեստագետներն են փչանում, եթե չափից շատ են ուշադրության կենտրում լինում, ուր մնաց երրորդ դասարանի կրթությամբ քաղաքական կամ տնտեսական գործիչները, նրանք չեն կարողանում կառավարել իրենք իրենց և դառնում են գիշատիչ: Արմեն Սարգսյանը անցած ճանապարհ ունի, և Նիկոլ Փաշինյանն էլ երիտասարդ տարիքից պայքարի մեջ է, ամենյան հավանականությամբ, նրանց արդեն չի սպառնում գիշատչի վերափոխվելու վտանգը…»:
Մանրամասն՝ տեսանյութում: