Սերգեյ Շնուրովը համեմատվել է Ալլա Պուգաչովայի հետ
46-ամյա Սերգեյ Շնուրովը «Լենինգրադ» խմբի հետ հրաժեշտի համերգ է տվել հայրենի Սանկտ Պետերբուրգում: Երաժիշտը հայտարարել է, որ ցանկանում է հրաժեշտ տալ հանդիսատեսին այնքան երկար, որքան դա անում է Ալլա Պուգաչովան:
Գարնանը երաժշտական կոլեկտիվի առաջնորդը հայտնել էր, որ խումբը դադարում է իր գոյությունը: Շնուրովը հայտարարել էր հրաժեշտի շրջագայության մասին: Սանկտ Պետերբուրգում կայացած համերգն այդ շրջագայության վերջին միջոցառումն էր:
«Ես շատ կցանկանայի, որ «Լենինգրադ» խումբը հեռանար այնքան երկար, որքան Ալլա Պուգաչովան: Որպեսզի մենք անվերջ հրաժեշտի համերգներ տայինք, բոլորն արտասվեին, բոլորն ասեին «ցտեսություն», իսկ հետո մենք կրկին ասեինք «բարեւ ձեզ»: Դա հրաշալի է: Գլխավորն առիթի առկայությունն է»,-համերգից առաջ հայտարարել է Սերգեյը:
Երգչին հարցրել են կոլեկտիվի հնարավոր վերադարձի մասին: «Ես չեմ կարծում, որ հիմա գագաթնակետն է: Ես կարծում եմ, որ այժմ բավականին հանդարտ վիճակ է: Գագաթնակետը, երեւի, մեկ տարի առաջ էր: Ես չգիտեմ՝ կլինի՞ արդյոք «Լենինգրադ» խմբի վերամիավորումը: Չեմ կարող խոստանալ»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Շնուրովի խոսքերը:
Խմբի հրաժեշտի շոուին ներկա է գտնվել ավելի քան 67 հազար մարդ: «Գազպրոմ Արենա» մարզադաշտում համերգը սկսվել է 1.5 ժամ ուշացումով: