Ոչ մի բաց հագուստ հայրենիքում. Քիմ Քարդաշյանի ոճը` հայաստանյան այցի ժամանակ (Տեսանյութ)
Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես աշխարհահռչակ հայուհու հայրենիքում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ընդ որում, երկրպագուներն ակտիվորեն հետևում էին ոչ միայն Քիմի հայաստանյան առօրյային, այլև ընտրած հուգուստին:
NEWS.am STYLE-ը ևս ամեն քայլափոխի հետևում էր Քարդաշյանների մասին պատմող ռեալիթի շոուի աստղին՝ ֆիքսելով նրա բոլոր look-երը:
Այցի առաջին օրը Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեխաների հետ ուղևորվել են Էջմիածին, որտեղ Մայր տաճարում մկրտվել և մկրտել զավակներին: Այդ օրը Քիմը նախընտրել էր մարմինն ընդգրկող երկար դարչնագույն զգեստ, իսկ երեխաների համար՝ սպիտակ հագուստ: Քույրը՝ Քորթնին, կրում էր սպիտակ բլուզ և նույն գույնի շրջազգեստ:
Նույն օրը այն հյուրանոցի շուրջ, որտեղ ժամանակավոր բնակություն էին հաստատել Քարդաշյան քույրերը, տեղ ու դադար չկար: Երկրպագուներն առավոտից սպասում էին աշխարհահռչակ հայուհուն՝ հուսալով նրանից կորզել գոնե մեկ ինքնանկար: Քիմը սպասեցնել չտվեց… եվ ահա՝ նա դուրս է գալիս հյուրանոցից՝ սպիտակ լայն թևքերով պիջակով և նույն երանգի դասական ոճի տաբատով: Այս ոճով Քիմն ուղղվեց երևանյան ռեստորաններից մեկում ճաշելու:
Քարդաշյանները երևանյան այցի ժամանակ եղան նաև Ծիծեռնակաբերդում՝ հարգանի տուրք մատուցելու 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Քիմ Քարդաշյանին հուշահամալիրի մոտ ֆիքսեցինք սև շապիկով և կաշվե երկար շրջազգեստով, որը դիմացի հատվածում աչքի էր ընկնում յուրահատուկ բացվածքով: Քորթնին նախընտրել էր մուգ երանգի oversize բլուզ և ջինսե տաբատ:
Քարդաշյանը Հայաստան էր այցելել WCIT համաժողովին մասնակցելու նպատակով: Իր ելույթի օրը Քիմը ներկայացել էր դասական ոճի սպիտակ կոստյումով, արձակած վարսերով, նյուդ դիմահարդարմամբ և պարանոցին փայլող ոսկյա զարդով:
Այցի ընթացքում Քիմն ունեցել է նաև պաշտոնական հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Առաջին հանդիպմանը Քիմը կրել է սև կոստյում, իսկ երկրորդին ներկայացել casual ոճում՝ ջինսե տաբատ, սպիտակ բլուզ և երկար կաշվե բաճկոն:
Իրենց այցի վերջին օրը Քիմն ու Քորթնին եղան նաև Գառնիում: Քույրերը նկարահանում իրականացրին տաճարի շրջակայքում, իսկ տեսախիկի առաջ փայլեցին սև հագուստով և հայկական զարդերով: Ի դեպ, Քիմի դուստրը՝ Նորթը, կրում էր «ՊռեԳոմեշ», իսկ քույրը՝ Քորթնին՝ հայ դիզայներ Մանե Խաչատրյանի շրջազգեստը:
Ինչ վերաբերում է վարսահարդարմանը և դիմահարդարմանը՝ հայրենիքում Քիմ Քարդաշյանը աչքի չի ընկել որևէ արտասավոր սանրվածքով՝ նախընտրելով երկար արձակած վարսեր և նյուդ դիմահարդարում, որի վարպետը աշխարհահռչակ Մարիո Դեդիվանովիչն էր: Նա ևս Քարդաշյանների հետ Հայաստանում էր:
Քիմը հայրենիքում այդպես էլ աչքի չընկավ բաց հագուստով, որով սովորաբար ներկայանում է արտերկրի միջոցառումներին, բայց երկրպագուներն, ամենևին էլ, դա չէին սպասում Քարդաշյանից: Նրա հայտնվելն ու նրա հետ մեկ սելֆին արդեն մեծ իրարանցում էր առաջացնում նրանց շրջանում: