Սիրիայի հայ բնակիչների տարհանման պաշտոնական առաջարկ Հայաստանը դեռևս չի արել, սակայն Եթե Սիրիայի հայերը ցանկանան Հայաստան գալ, կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները․ Արմեն Գրիգորյան
Սիրիայի հայ բնակիչների տարհանման պաշտոնական առաջարկ Հայաստանը դեռևս չի արել, սակայն Եթե Սիրիայի հայերը ցանկանան Հայաստան գալ, կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները։ Այս մասին երեկ լրագրողների հետ զրուցում ասել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք պաշտոնական առաջարկով դեռ հանդես չենք եկել, բայց եթե լինեն ցանկություններ, մենք բնականաբար կձեռնարկենք բոլոր միջոցները՝ տրամադրելու ցանկացած անհրաժեշտ միջոց»,- նշել է նա։
Հարցին, թե արդյոք Հայաստանը ունի այդ ռեսուրսները, Գրիոգրյանը նշել է․ «Եթե ցանկություն հայտնեն, ես կարծում եմ՝ այդ ռեսուրսները պատրաստ ենք ամբողջովին տրամադրել, բայց պետք է հասկանալ, թե Սիրիայում գտնվող որքան հայ է դրա ցանկությունը հայտնում։ Եթե լինի այդ ցանկությունը, մենք սահմանափակում, կարծում եմ, չենք ունենա»։
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Թուրքիայի հայտարարած անվտանգության գոտում հայկական ընտանիքները հիմնականում դուրս են եկել. «Միակ քաղաքը, որտեղ այս պահին հայեր կան, Ղամիշլկին է, որը մեր հիմնական ուշադրության կենտրոնում է։ Ղամիշլիի հայերի եւ հոգեւոր առաջնորդների հետ կապի մեջ ենք, փորձում ենք հասկանալ, թե իրենք ինչի կարիք ունեն, ինչ խնդիրներ ունեն, եւ իրենց բոլոր խնդիրները մեր օրակարգում են»: