Թրամփը լիազորել է պաշտոնյաներին մշակել «շատ շոշափելի» պատժամիջոցներ Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լիազորել է ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց մշակել «շատ շոշափելի» պատժամիջոցներ Թուրքիայի դեմ Սիրիայի հյուսիս-արեւելք ներխուժելուց հետո: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ հավելելով, որ բանկերը ծանուցում կստանան, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ներկայումս Միացյալ Նահանգները չեն կիրառում պատժամիջոցներ, սակայն կանեն դա անհրաժեշտության դեպքում: «Մենք նախազգուշացնում ենք ֆինանսական կազմակերպություններին, որ նրանք պետք է զգույշ լինեն եւ որ կարող են կիրառվել պատժամիջոցներ»,-ասել է Մնուչինը:
«Դրանք շատ հզոր պատժամիջոցներ են: Մենք հույս ունենք, որ ստիպված չենք լինի կիրառել դրանք, սակայն կարող ենք տապալել թուրքական տնտեսությունը, եթե կարիք լինի»,-ասել է Մնուչինը:
Նա նշել է, որ Թրամփը մտահոգված է խաղաղ բնակիչների վրա Թուրքիայի հնարավոր հարձակման առնչությամբ եւ ցանկանում է հասկացնել, որ Թուրքիան չի կարող «թույլ տալ ԻՊ-ի անգամ մեկ ահաբեկչին փախնել»: