Իրանի ԱԳՆ-ն հաստատել է իրանական նավթային լցանավի վրա տեղի ունեցած պայթյունները
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն արձագանքել է Կարմիր ծովում իրանական նավթային լցանավի վրա տեղի ունեցած պայթյուններին, փոխանցում է Mehr-ը:
Սեյեդ Աբաս Մուսավին հայտնել է, որ անձնակազմն անվտանգության մեջ է, եւ նավը կայուն վիճակում է: «Կարմիր ծովում վերջին ամիսներին իրանական լցանավերի դեմ իրագործվել են մի քանի դիվերսիոն ակտեր, քննություն է կատարվում»,- ասել է Մուսավին:
«Այս գործողությունների, ներառյալ տարածաշրջանի շրջակա միջավայրի աղտոտվածության ամբողջ պատասխանատվությունը կրում են նրանք, ովքեր կանգնած են այս վտանգավոր արկածախնդրության հետեւում»,- հավելել է նա:
Իրանական ազգային լցանավային ընկերության (NITC) գործադիր տնօրեն Նասրոլլահ Սարդաշտիի խոսքով՝ պայթյունների հետեւանքով ծով նավթի թափվելը հսկողության տակ է:
NITC հասարակայնության հետ կապերի գրասենյակը ուրբաթ հայտարարել էր, որ առավոտյան 5:00-ին եւ 5:20-ին Ջիդայից գրեթե 60 մղոն հեռավորությամբ «հավանաբար, հրթիռի արձակման հետեւանքով» առաջացած երկու պայթյուն խոցել են SABITI նավթային լցանավը: