Անկարան գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը, քանզի չի ցանկանում ՆԱՏՕ-ին անվերջ խնդրել իր սահմանների երկայնքով հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն բացատրել է, որ Անկարան գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը, քանի որ չի ցանկանում ՆԱՏՕ-ին անվերջ խնդրել իր սահմանների երկայնքով հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել: Այս մասին Չավուշօղլուն ասել է Ստամբուլում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիան իր սեփական պաշտպանական համակարգերը չունի: Մենք շնորհակալ ենք Իսպանիային, որ կատարել է խոստումն ու մեր սահմաններին տեղակայել իր Patriot ԶՀՀ-ն: Այդ բոլոր վեճերը ցույց են տալիս, որ Թուրքիան պետք է սեփական ՀՕՊ համակարգերն ունենա: Մենք ամեն անգամ չենք խնդրելու: Դա էր պատճառը, որ մենք ռուսական Ս-400 գնեցինք»,- ասել է նա: