Երբ մտածում ես, որ այս երիտասարդներն իրենց օրերը պետք է անցկացնեին միայն թոշակ ստանալով՝ սիրտդ ճմլվում է. ՀՀ նախագահը «Երևան իմ սեր» հիմնադրամի իրականացրած «Հայրենիքի պաշտպան» ծրագրի շրջանակներում (Լուսանկարներ)
Հայրենիքի պաշտպանները մեր եղբայրներն ու քույրերն են, նրանցից շատերը վիրավորվել են՝ կորցրել ձեռք ու ոտք: Երբ մտածում ես, որ այս երիտասարդներն իրենց օրերը պետք է անցկացնեին միայն թոշակ ստանալով՝ սիրտդ իսկապես ճմլվում է։ Այս մասին հոկտեմբերի 10-ին «Երևան իմ սեր» հիմնադրամի իրականացրած «Հայրենիքի պաշտպան» ծրագրի ընթացքում, իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Ծրագրի մասին նախագահը հայտարարել էր այս տարվա հունվարի 28-ին: Այն նպատակ ունի աջակցել զինվորական ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք, հիվանդություններ ստացած զինծառայողներին ուսուցանել հմտություններ, որպեսզի տղաները կարողանան ակտիվ մասնակցել հասարակական կյանքին, գտնեն աշխատանք:
«Մարդիկ թոշակ են ստանում, բայց դա որքանո՞վ կարող է բավարարել, քանի՞ տարի մարդը պետք է թոշակ ստանան, երբ 25 տարեկան ես, ամբողջ կյանքդ միայն թոշակ չես կարող ստանալ: Խնդիրը ներգրավվելու մեջ է, մարդուն վերադարձնել նորմալ կյանք: Շատ ուրախ եմ և սա պետք է լավ օրինակ լինի, որ ՀՀ նախագահի աշխատակազմում նրանցից մի քանիսն աշխատում են, նրանք փայլուն ու տաղանդավոր մարդիկ են»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Ցուցահանդեսին ներկայացվել էր 21 լուսանկար, որոնք տղաները նկարել են դասընթացների ժամանակ: Աշխատանքներից մի քանիսի հեղինակը Տիգրան Սարգսյանն է, որը զինվորակական ծառայության ընթացքում կորցրել է ձախ ձեռքի թաթի հիմնական հատվածը: Նա սովորել է լուսանկարչություն և «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանի որոշմամբ, արդեն երեք ամիս է աշխատում է հիմնադրամում՝ որպես լուսանկարիչ:
Տիգրանի խոսքով՝ լուսանկարչության մեջ բավականաչափ հմտացել է, բայց շարունակելու է սովորել, քանի որ միշտ հմտանալու տեղ կա։
«Վնասվածքս ստացել եմ Արցախում՝ ծառայողական պարտականություններս կատարելիս. Երբ իմացա «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից կազմակերպվող լուսանկարչական դասընթացների մասին շատ ոգեւորվեցի եւ անմիջապես գրանցվեցի։ Շնորհակալ եմ նման ծրագիր կազմակերպելու համար։