Կրկին ահազանգ Արմավիրում գտնվող «մասնավոր կենդանաբանական այգուց» (Լուսանկարներ)
Արմավիրում գտնվող «մասնավոր կենդանաբանական այգու» մասին, որի տնօրենն ի դեպ այն «Արմավիրի կենդանաբուսաբանական այգի վայրի կենդանիների փրկության կենտրոն» է անվանում, բարձրաձայնել և ահազանգել ենք բազմիցս: Նշված տարածքում պահվող կենդանիների վիճակի մասին շարունակում են ահազանգել նաև այցելուները: EcoNews.am-ը ստացել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնք լավագույնս նկարագրում են ստեղծված իրավիճակը:
Լուսանկարն արվել է նշված տարածքում բոլորովին վերջերս: Ավելի քան մեկ տարի առաջ Արմավիր այցելության ընթացքում լուսանկարել ենք ուղտին, որն ըստ նշված մասնավոր այգու տնօրեն Արմեն Թադեւոսյանի բերվել է Գյումրիում գտնվող մեկ այլ տխրահռչակ մասնավոր այգու տարածքից: Գյումրու դեպքերը բավական հայտնի են թե՛ տեղի, թե՛ միջազգային հանրությանը. մասնավոր տարածքում պահվող կենդանիները սովի էին մատնված, քանի որ սեփականատերը ի վիճակի չէր կերակրելու կենդանիներին:
Հատկանշական է, որ բոլորովին վերջերս Արմեն Թադեւոսյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ նշված «այգում» նույնպես խնդիր կա կենդանիներին կերակրելու հետ: Վերջինս նշել է. «Այժմ 3 օրը մեկ հացի փռերից հետ եկած հացերն եմ 5000 դրամով գնում, թրջում եմ, որ արջերը ուտեն: Դա հերիք չի անում, տալիս եմ, որ գոյությունը պաշտպանեն մինչեւ տեսնեմ ինչ է լինում»:
Ստեղծված իրավիճակը կանխատեսելի եւ սպասելի էր դեռեւս մեկ տարի առաջ, քանի որ ՀՀ-ում գրեթե ամբողջությամբ բացակայում է կարգավորող օրենսդրական դաշտն ու պատշաճ վերահսկողությունը, ինչը պետք է ապահովի անազատ պայմաններում պահվող կենդանիների բարեկեցությունը: Գյումրու հայտնի դեպքերից տարիներ են անցել, սակայն, ցավոք սրտի, ՀՀ-ում իրավիճակը չի փոխվում:
Արմավիրի «մասնավոր կենդանաբանական այգում» նաեւ 4 գորշ արջ կա, որոնցից երկուսը դեռ ձագ են. ծնվել են 2017-2018թթ.-ին, քանի որ տնօրեն Արմեն Թադեւոսյանը որոշել էր ապացուցել, որ 23-ամյա ծեր արջը կարող է բազմանալ: Նշված տարածքում կա նաեւ առյուծ, որի պահման անվտանգության կանոնները պահպանված չեն եւ կենդանու փախուստը բացառված չէ: Առյուծի հետ «տետ-ա-տետ» շփվում է նաեւ Արմեն Թադեւոսյանի անչափահաս որդին: Նույնանման պայմաններում պահվում են նաեւ հազվագյուտ կարմիրգրքյան թռչուններ եւ այլ կենդանիներ:
Նշենք նաեւ, որ Արմեն Թադեւոսյանը նաեւ կենդանիների առք ու վաճառքով է զբաղվում: Վերջինս առցանց վաճառքի կայքէջերից մեկում վաճառում էր եվրոպական եղնիկ, որը ծնվել էր կրկին Արմավիրում գտնվող «մասնավոր կենդանաբանական այգում»:
Արմավիրում գտնվող «մասնավոր կենդանաբանական այգուն» առնչվող հոդվածաշարը հրապարակվում է «սիրո գերիները» խորագրի ներքո, քանի որ այլ անվանում, քան գերություն այս կենդանիների պահման պայմաններին դժվար է տալ, իսկ պարոն Թադեւոսյանը հավանաբար զոհն է դարձել սեփական զգացմունքների, որոնք վերջինս «սեր» է անվանում:
Նշված դեպքի մոդելը օբյեկտիվորեն ցուցադրում է թե պետական մարմինների, թե հասարակության վերաբերմունքն առհասարակ ՀՀ-ում բնապահպանության եւ կենդանապաշտպանության ոլորտներում առկա խնդիրների նկատմամբ: