Եվրոպայում բանտարկյալների թվով Ադրբեջանը «առաջնորդների» թվում է
15-ից մինչեւ 60 տարեկան 10 ադրբեջանցուց մեկը կյանքում գոնե մեկ անգամ ոստիկանության աշխատակիցների կողմից անօրինականության է ենթարկվել: Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացրել է «Աշխարհն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը:
Եվրոպայի խորհուրդը բազմիցս նշել է Ադրբեջանում բանտարկյալների թվի աճի մասին: Ավելին՝ Ադրբեջանը բանտարկյալների թվով եվրոպական երկրների շարքում առաջնորդների թվում է: Երկրում ամեն 100 հազար մարդուն բաժին է ընկնում 248 բանտարկյալ: Սա Եվրոպայում երրորդ ցուցանիշն է: Եթե Նիդեռլանդներում բանտարկյալներ չունենալու պատճառով բանտերը փակում են, ապա Ադրբեջանում դրանց թիվն անընդհատ ավելանում է:
Ադրբեջանական բանտերում գործում են սեփական վճարաչափեր: Բանտարկյալին «հանձնուքի» փոխանցումն արժե 5-15 մանաթ, տեսակցությունը՝ 20-100 մանաթ, «բուրժուայի խցում» տեղ ստանալը՝ 500-2000 մանաթ, մարզադահլիճում մարզումը՝ 10-30 մանաթ, հեռախոսով յուրաքանչյուր զրույցը՝ 1-10 մանաթ, վաղաժամկետ պայմանական ազատումը՝ 350-400 մանաթ յուրաքանչյուր ամսվա համար, բաղնիքում անհատական լողանալը՝ 5 մանաթ, բուժմասում մնալը՝ 200-500 մանաթ, երկարատեւ տեսակցությունը՝ 150-300 մանաթ, համակարգչային կենտրոնում խաղերը՝ մեկ ժամը 5 մանաթ, խցում օդափոխիչի եւ էլեկտրասալիկի օգտագործումը՝ ամիսը 10-30 մանաթ եւ այլն:
Գաղութ ժամանելուց անմիջապես հետո բանտարկյալներին դաժանորեն ծեծում են, եւ սա կոչվում է «կանխարգելիչ միջոցառում», որ նա հասկանա, թե ուր է ընկել եւ իրեն ինչպես պետք է պահի: Բանտարկյալներին պահում են հին բարաքներում, որտեղ սարսափելի նեղվածք է, սենյակները չեն օդափոխվում, մշտապես գարշահոտություն է տիրում: Մահճակալների միջեւ տարածությունը փոքր է: Բայց «բուրժուաների» (ունեւոր բանտարկյալների) համար ոչ պաշտոնական վճարի դիմաց կան համեմատաբար մաքուր սենյակներ: Խոհանոցը, որտեղ կերակուր են պատրաստում իրենք՝ բանտարկյալները, անչափ կեղտոտ է: Անձնական իրերի եւ մթերքի պահատուփերը նույնպես վճարի դիմաց են տրամադրում: Բանտային կերակուրի որակը սարսափելի ցածր է:
Իրավապաշտպաններին մտահոգում են ոչ միայն բռնության դեպքերը, այլեւ այն, որ դրանք կատարած ոստիկանները, որպես կանոն, անպատիժ են մնում։ Մարդու իրավունքների խախտման կամ այլ չարաշահումների մեջ մեղադրվող ոստիկանության աշխատակիցներին պաշտպանում է բարձրագույն ղեկավարությունը։ Այդ հատուկ արտոնությունները, որոնք լռելյայն ընդունվել են ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաների նախաձեռնությամբ՝ Ադրբեջանի ուժային այլ կառույցներում նրանց կողմնակիցների աջակցությամբ, օգնում են նրանց խուսափել արժանի պատժից։ Նման արտոնությունները թույլ են տալիս, օրինակ, աշխատակցի անձնական գործից հանել բոլոր բողոքները, բացի նրանցից, որոնք հիմնավորված են համարվել, իսկ որոշակի ժամանակ անց անգամ այդ ոչ մեծաթիվ բողոքները կարող են հանվել՝ այն դեպքում, երբ ապագայում նման տեղեկությունը կարող էր պահանջվել մեղավոր ոստիկանի համապատասխան պատիժը որոշելու համար։
Րաֆֆի Սամվելյան
Նյութի աղբյուրը՝ News.am