Սպիտակ տունը կողմնակի իրավաբաններից է խորհուրդ խնդրում Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի վերաբերյալ
Սպիտակ տունը կողմնակի իրավաբանների է դիմել խորհրդակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի իրավական հարցերի շուրջ, որը Կոնգրեսում սկսել են դեմոկրատները: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Նրանց տեղեկություններով՝ այդպիսի իրավաբաններից մեկն է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հսկողության եւ կառավարական բարեփոխումների կոմիտեի նախկին նախագահ Թրեյ Գոուդին (հանրապետական, Հյուսիսային Կարոլինա նահանգից): Մինչ օրինաստեղծ գործունեությունը նա աշխատել է դատախազությունում:
Սեպտեմբերին ԱՄՆ-ում խոշոր սկանդալ էր ծագել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսային զրույցի շուրջ: Արդյունքում զրույցը պատճառ էր դարձել ԱՄՆ առաջնորդի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար: ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները պնդում են, որ զրույցի ժամանակ Թրամփը փորձել է Զելենսկուն համոզել սկսել Ուկրաինայում ԱՄՆ նախկին փոխնախագահի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեության քննություն՝ Կիեւին ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց:
Դեմոկրատ Բայդենը հիմա համարվում է Թրամփի ամենահավանական մրցակիցը 2020 թվականի նոյեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում: Ուստի, դեմոկրատների կարծիքով, Թրամփը Զելենսկու վրա ճնշում է գործադրել, ձգտել հասնել Կիեւի աջակցությանը երկրորդ ժամկետ վերընտրվելու իր ջանքերին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am