Շնորհիվ ՀՀ ղեկավարության ջանքերի՝ ԵԱՏՄ գագաթաժողովն ավելի լայն չափելիություն է ձեռք բերել. ՌԴ դեսպան
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ցույց տվեց ընթացիկ տարում որպես ԵԱՏՄ նախագահող երկիր Հայաստանի արդյունավետ ու շահագրգիռ գործունեությունը: Ինձ համար դա չափազանց թանկ եւ կարեւոր է: Եվ, մասնավորապես, Հայաստանի ղեկավարության ջանքերի շնորհիվ գագաթաժողովն արտասահմանյան մի շարք պետությունների մասնակցությամբ սովորականից ավելի լայն չափելիություն ձեռք բերեց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ այդ ամենը կնպաստի եվրասիական ինտեգրմանը, դրա ադապտացմանը ներկայիս տնտեսական, քաղաքական իրողություններին, եւ, վերջին հաշվով, կաշխատի հօգուտ միության անդամ երկրների:
Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ ԵԱՏՄ պետությունների ղեկավարները նիստի արդյունքներով արել են բոլոր անհրաժեշտ գնահատականները:
«Դա հաջողված նիստ էր, որի ընթացքում մի շարք կարեւոր որոշումներ ընդունվեցին, այդ թվում՝ բարդ խնդիրներ: Որոշ խնդիրների քննարկում տեւեց երկար, հետաքրքրությունների համաձայնեցմամբ: Այդ ամենը հաջողվեց անել»,- ասաց դեսպանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: