Բրիտանիան Թուրքիային կոչ է արել խուսափել Սիրիայում միակողմանի ռազմական գործողություններից
Բրիտանիան նախազգուշացրել է Թուրքիային խուսափել Սիրիայում միակողմանի ռազմական գործողություններից։ Այս մասին ասել է փոխարտգործնախարար Էնդրյու Մերիսոնը, տեղեկացնում է AP-ը։
«Թուրքիայի հետ միշտ պարզ է եղել, որ միակողմանի ռազմական գործողություններից հարկ է խուսափել, քանի որ դա ապակայունացնում է տարածաշրջանը եւ սպառնալիքի տակ դնում «Իսլամական պետության» պարտության ապահովմանն ուղղված ջանքերը»,- ասել է նա։
Մերիսոնը նաեւ նշել է ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավաստիացումն այն մասին, որ Բրիտանիան հուզված էր զորքերը հանելու նրա որոշումից։
Մերիսոնն ասել է, որ «պատկերացում չունի», թե որտեղից է վերցվել այդ մեկնաբանությունը, եւ որ այն, անշուշտ, հիմնված չէ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսակցության բովանդակության վրա։