Հայտարարում ենք «Հայկական վիրտուալ կամուրջ» նախագծի մեկնարկի մասին. Հակոբ Արշակյան
Մենք ունեցանք 70 երկրից ավելի մասնակիցներ եւ մոտ 20 երկրներից պաշտոնական մասնակիցներ՝ գլխավորությամբ նախարարների, փոխնախարարների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երեւանում WCIT-2019-ի շրջանակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Սա մեզ հույս է տալիս, որ մենք Հայաստանում իրագործենք տնտեսական հեղափոխությունը եւ Հայաստանը դարձնենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր: Նաեւ ուզում ենք ունենալ տարածաշրջանային կենտրոն, որը հնարավորություն կտա նաեւ օտարերկրացի գործարարներին, նորարարներին գալու Հայաստան, որտեղ կարող են ունենալ արագ եւ կտրուկ զարգացում»,-ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ իրենք ստորագրել են համաձայնագիր «Հայկական վիրտուալ կամուրջ» նախագծի վերաբերյալ, որը թույլ կտա ձեռներեցներին, որոնք կազմակերպություն են հիմնում այստեղ՝ լինեն հայ, թե օտարերկրացի, կարող են «Հայքոնեքթ» կապի միջոցով կապի մեջ լինել Սիլիկոնային հովտի հետ եւ աշխարհի մյուս մասերի հետ
«Սա կօգնի մեզ դառնալ կենտրոն, մենք պետք է մեծ մտածենք, բարձր մտածենք: Մենք պետք է մարդկանց առաջարկենք՝ եկեք Հայաստան: Եթե այս հնարավորությունը տանք ծրագրված ձեւով, համոզված եմ, որ դա ինքնին կլինի գրավիչ ու մատչելի:
Եկեք հայտարարենք, որ սկսում ենք «Հայկական վիրտուալ կամուրջ» նախագիծը, որը կկառուցվի «Հայքոնեքթ» հարթակի վրա»,-ասաց նա: