Նիկոլ Փաշինյանը շրջադարձային է համարում Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում կին գործչի ընտրությունը
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Նիկոլ Փաշինյանը այցելել է Էջմիածին՝ նշելու քաղաքի հիմնադրման 2704-ամյակը
ՀՀ վարչապետը իր ելույթում նշել է, թե՝ մեր միասնական ընկալումն այն է, որ Էջմիածինը համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է. ըստ էության, Էջմիածինը մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոն և մայրաքաղաք է:
«Առաջինն իհարկե, քրիստոնեության ընդունումն է, որ շրջադարձային նշանակություն ունեցավ մեր կյանքում: Այսօր մեր ինքնության անբաժանելի մասն է քրիստոնեությունը, Հայ առաքելական եկեղեցին: Որպես այս իրադարձության տրամաբանական և նույնքան շրջադարձային իրադարձություն, Էջմիածինը դարձավ հայոց գրերի ստեղծման կենտրոնը, որովհետև դրանով զբաղվեցին Ամենայն հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը Վռամշապուհ արքայի հանձնարարությամբ և Մեսրոպ Մաշտոցը: Էջմիածինը դարձավ դպրության մայրաքաղաքը:
Հաջորդ իրադարձությունը Սարդարապատի ճակատամարտն է: Շատերը համոզված են, որ այս ճակատամարտի մեջ շատ մեծ նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժարվեց հեռանալ Էջմիածնից, երբ նրան բացատրում էին, որ թշնամին շատ մոտ է և ձեր կյանքին վտանգ է սպառնում: Նա ցուցաբերելով բացառիկ խիզախություն, ասաց, որ եթե իմ ժողովուրդն ու մեր բանակը չի կարող ինձ պաշտպանել, ես ինքս սուր կվերցնեմ և կպաշտպանեմ ինձ, մեր հավատն ու եկեղեցին: Այս լուրը կայծակնային տարածվեց Սարդարապատում կանգնած զինվորների շրջանում և էլ ավելի քաջալերեցին մեր մարտիկներին:
Հաջորդ փուլը Արցախյան հերոսամարտի շրջանն էր, երբ բազմաթիվ էջմիածինցիներ մեկնեցին առաջնագիծ և պաշտպանեցին մեր հայրենիքը, Արցախը:
Անկախության շրջանում Էջմիածինը շատ հակասություններ է ունեցել: Քաղաքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում, եղել են լուսավոր էջեր, ոչ այնքան լուսավոր էջեր:
Արդի քաղաքական իմաստով Էջմիածինը ևս մեկ շրջադարձային իրադարձության կենտրոն դարձավ. Ես շատ սիմվոլիկ եմ համարում, որ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրվեց կին քաղաքապետ: Ես հույս ունեմ, որ այս իրադարձությունը ունենալու է շրջադարձային հետևանքներ, և կանանց ներգրավումը քաղաքական կյանքում, պետական կառավարման գործում, հանրային կյանքում պետք է ավելի ու ավելի մեծ մասշտաբներ ունենա»,-ընդգծեց Փաշինյանը:
Այսօր կանայք ՀՀ բնակչության ավելի քան կեսն են, իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, եթե մենք բոլոր անհրաժեշտ եւ տրամաբանական պայմանները եւ մթնոլորտը չապահովենք, որ կանայք հանրային կյանքում, գործունեության բավարար դաշտ ստանան, կնշանակի, որ մենք մեր զարգացման ռեսուրսի կեսից ավելին սահմանափակում ենք:
«Իմ ընկալմամբ, նաեւ փորձով կանանց ակտիվությունն ամենեւին չի հակասում ավանդական ընտանիքի մասին մեր պատկերացումներին: Բազմաթիվ կանայք, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում տնտեսական, հանրային ոլորտներում, նրանք նույնքան հոգատար ընտանիքի մայր են եւ նրանք ի տարբերություն տղամարդկանց, կարողանում են երկու ճակատով աշխատել ու կռվել՝ բառիս փոխաբերական իմաստով»,-ընդգծեց նա:
Նշենք, որ այսօր լրանում է Էջմիածին քաղաքի 2704-ամյակը: Օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցող հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում կհանձնվեն «Քաղաքի բարեկամ» եւ «Պատվավոր քաղաքացի» կոչումները: