Երվանդ Մանարյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Երևանի ավագանու նիստում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:
Որոշման մեջ նշվում է, որ կոչումը տրվում է Երևան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ, թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար:
Հարցը ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը:
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թ. օգոստոսի 10-ին, Արաքում։ 1946թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։
1957-1959թթ. եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988թ.-ից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։
1959-1961թթ. որպես գեղարվեստական ղեկավար աշխատել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիրգեղարվեստական ղեկավար։ Աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր։
Նկարահանել է վավերագրական եւ գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Անվանի դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Երվանդ Մանարյանը գրել է բազմաթիվ սցենարներ՝ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար, ինչպես նաև հրատարակել է մի շարք պատմվածքներ և հոդվածներ:
2005թ. Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչումը, 2018թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին ներդրած ավանդն ու ակնառու վաստակը թատերարվեստի և կինոարվեստի զարգացման բնագավառում, ինչպես նաեւ երկարամյա եւ բեղմնավոր գործունեությունը՝ առաջարկվում է Երվանդ Քրիստափորի Մանարյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում և Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում սույն որոշման նախագիծը։