Թրամփը Թուրքիային նախազգուշացրել է Սիրիայում ԱՄՆ դաշնակիցներին հարվածելու անթույլատրելիության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրքական կողմին նախազգուշացրել է Սիրիայի հյուսիս-արեւելքում գործողության ընթացքում ամերիկացի զինծառայողներին կամ Վաշինգտոնի դաշնակիցներին հարվածելու անթույլատրելիության մասին: Նա այս մասին հայտարարել է լրագրողների հարցերին պատասխանելիս:
«Մենք Սիրիայում ենք գտնվում երկար տարիներ: Ենթադրվում էր, որ դա կլինի կարճաժամկետ խնդիր»,- ասել է նա: Թրամփի խոսքով՝ «ոչ մեծ հատվածում», որտեղ Թուրքիան գործողություն է սկսել, 50 ամերիկացի զինծառայողներ կային: «Ես չեմ ուզում, որ նրանք վիրավորվեն կամ սպանվեն, որ նրանց հետ ինչ-որ բան պատահի: Ես Էրդողանին ասացի. «Վնաս չպատճառեք մեր մարդկանցից որեւէ մեկին կամ մեծ խնդիրների կբախվեք»:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Անկարայի վրա բավականաչափ ճնշում է գործադրվում: «Թուրքիան պայքարում է Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության դեմ, նրանք միմյանց ատում են,- շարունակել է նա: - Բայց ես խոսել եմ Թուրքիայի հետ, որ եթե անեն մարդասիրության շրջանակից դուրս որեւիցե բան, ապա կբախվեն տնտեսության քայքայման սպառանալիքներին»:
ԱՄՆ նախագահը վերստին հաստատել է, որ ամերիկյան ուժերը ջախջախել են ԻՊ ահաբեկչական խմբավորմանը: «Եկեք թույլ տանք մյուս երկրներին եւս ավարտել նրանց հետ գործը: Հիմա կա 60-70 հազար մարդ՝ ընտանիքներ, սպանված ահաբեկիչների կանայք, ես եվրոպական երկրներին ասում եմ, որ նրանք տանեն իրենց քաղաքացիներին,- ուշադրություն է հրավիրել Թրամփը: - Բայց նրանք չեն ցանկանում»:
«Ես Էրդողանին ասել եմ, որ դա այլեւս իր պատասխանատվությունն է: Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Սիրիայի եւ բոլոր հարեւան երկրների պատասխանատվությունը,- նշել է նա: - Այս երկրները ԻՊ-ին ատում են նույնքան, որքան մենք»:
«Մենք կհետեւենք Թուրքիայի գործողություններին: Հույս ունենք, որ Թուրքիան, ինչպես եւ մյուս երկրները, ներառյալ ԵՄ-ն, կանեն այն, ինչն անհրաժեշտ է անել այդ գերեվարված ԻՊ գրոհայինների եւ նրանց ընտանիքների հետ»,- հավելել է ԱՄՆ նախագահը: