Խամեմեին հայտարարել է, որ թշնամիները չեն կարող տարաձայնություն սերմանել Իրաքի եւ Իրանի միջեւ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ «թշնամիները» չեն կարող տարաձայնություն սերմանել Իրաքի եւ Իրանի միջեւ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Իրաքն ու Իրանը երկու ժողովուրդներ են, որոնց սրտերն ու հոգիները միմյանց կապված են Աստծո հանդեպ հավատով, իմամ Հուսեյնի հանդեպ սիրով։ Այդ կապը օրեցօր ավելի կամրապնդվի։ Թշնամիները ձգտում են տարաձայնություն սերմանել, սակայն չեն կարողանում։ Նրանց դավադրությունը արդյունք չի տա»,- ասվում է Twitter-ում հրապարակված Խամենեիի հաղորդագրության մեջ։
Իրաքում հոկտեմբերի 1-ից անցկացվում են ազգային հակակառավարական ցույցեր, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ սոցցանցերում կոչ արվեց ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ, վերացնել գործազրկությունը, բարելավել կոմունալ ծառայությունների որակը։ Բողոքի այս ցույցերն առաջինն են մեկ տարի առաջ Ադել Աբդել Մահդիի կառավարության ձեւավորումից հետո։ Ցույցերի ընթացքում տեղի են ունենում անկարգություններ եւ բախումներ ցուցարարների ու ուժայինների միջեւ, որոնք զենք են գործադրում։
Ներկայում, իրաքյան ՆԳՆ-ի տվյալներով, կա 104 զոհ, ավելի քան 6000 մարդ տուժել է։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Թեհրանն ակնկալում է, որ Իրաքի իշխանությունները կարող են կարգավորել իրավիճակը։ Հաստատությունը նշել էր, թե Իրանը հուսով է, որ իրաքյան իշխանությունները կհամագործակցեն երկրի քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հոգեւոր գործիչների հետ՝ նախազգուշացնելով, որ իրավիճակը կարող են «չարաշահել» օտարերկրյա ուժերը։