Ջոնսոնը ԵՄ-ին զգուշացրել է բրեքզիթի հարցով պատմական մոլորեցման մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր եվրոպացի գործընկերներին հայտնել է, որ պետք չէ թերագնահատել առանց գործարքի ԵՄ կազմից թագավորության դուրսբերման որոշումը, ինչը կլիներ պատմական մասշտաբի մոլորեցում: Այս մասին նա ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտոյի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեծ Բրիտանիան մեծ եւ կարեւոր առաջարկ է արել, սակայն ժամանակն է, որպեսզի Եվրահանձնաժողովը փոխզիջման պատրաստվի: Եթե դա տեղի չունենա, Մեծ Բրիտանիան առանց գործարքի կլքի ԵՄ-ը»,- Press Association-ը մեջբերում է Ջոնսոնի խոսքը:
Բացի այդ, նա քննադատել է ընդդիմության ճնշմամբ ընդունված օրենքը, որը վարչապետին պարտավորեցնում է մինչեւ 2020-ի հունվարի 31-ը ԵՄ-ից խնդրել 3 ամսով երկարաձգել բանակցությունները, եթե հոկտեմբերի 19-ին կողմերը փոխհամաձայնության չհասնեն:
Հոկտեմբերի 2-ին Ջոնսոնը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին փոխանցել էր հյուսիսիռլանդական սահմանի հարցով Լոնդոնի նոր առաջարկները: ԵՄ-ում նրա նախաձեռնությունն ընդունել են առանց էնտուզիազմի եւ նշել դրանում առկա խնդրային պահերը, որոնք Լոնդոնը պետք է վերացնի:
Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ից դուրս գար 2019 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ գրավոր ծանուցում տալուց երկու տարի հետո։ Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները երեք անգամ մերժեցին Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որը ձեռք էր բերվել Բրյուսելի եւ Թերեզա Մեյի՝ վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի նախորդի կառավարության միջեւ։ Արդյունքում՝ ԵՄ-ը համաձայնեց Brexit-ը տեղափոխել ապրիլի կամ մայիսի սկիզբ, հետո՝ հոկտեմբերի 31, իսկ Մեյը ստիպված էր հրաժարական տալ՝ չկարողանալով իրավիճակը փակուղուց դուրս բերել։ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից նրա հեռանալուց հետո վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Բորիս Ջոնսոնը, որը խոստացավ, որ թույլ չի տա Brexit-ի նոր հետաձգում, եւ որ երկիրը ԵՄ-ից առանց Բրյուսելի հետ գործարքի դուրս կգա, եթե նա չհամաձայնի Լոնդոնի պահանջին: