Այնպիսի երկրները, ինչպիսին Հայաստանն է կարող են դառնալ տնտեսական ազդեցության կենտրոններ. Ռիչարդ Քլարկ
Երկրները, ինչպիսին Հայաստանն է՝ նրանք, որ մարդկանց կոդավորում են ուսուցանում, կարող են դառնալ տնտեսական ազդեցության կենտրոններ: WCIT 2019-ի բացման ժամանակ այս մասին ասաց ազգային անվտանգության հարցերով փորձագետ Ռիչարդ Քլարկը:
Նրա խոսքով՝ շատերը կարծում են, որ կիբեռդարաշրջանը սկսվել է 30 տարի առաջ:
«Սակայն մենք կապված էինք անցյալին եւ բավականին դանդաղ էինք քայլում»,- նշեց նա՝ հավելելով, որ ավելի ուշ եղավ նոր հեղափոխություն՝ «ոչ թե կոմունիստական, այլ ՏՏ հեղափոխություն», որը նույնքան ծավալուն ու լրջագույն էր, որքան 100 տարի առաջ արդյունաբերական հեղափոխությունը:
«Այնպիսի երկրները, ինչպիսին Հայաստանն է՝ նրանք, որ մարդկանց կոդավորում են ուսուցանում, կարող են դառնալ տնտեսական ազդեցության կենտրոններ՝ հենվելով գիտելիքահեն տնտեսության վրա»,- նշեց նա:
Ըստ նրա՝ սկսվել է մեր արդի կիբեռաշխարհի ապագայի առաջին փուլը. սա կիբեռապագան է՝ նոր արդյունքներով, ընկերություններով, հնարավորություններով: Սակայն, ինչպես նշեց Քլարկը, սա նաեւ թվային անհավասարության նոր ապագան է:
«Սակայն այս առաջին փուլն ավարտին է մոտենում, եւ մենք մեր կիբեռապագայի երկրորդ փուլ ենք մտնում նոր տեխնոլոգիաներով, մեքենայական ուսուցմամբ, քվանտային հաշվարկներով եւ 5G-ով»,- նշեց նա՝ հավելելով, որ «այս բոլոր ռեսուրսները նախատեսում են ինչպես մեծ հնարավորություններ, այնպես էլ մեծ վտանգներ»:
Ըստ նրա՝ եթե մենք միջազգային նորմեր չստեղծենք, ապա մեր ստեղծած տեղեկատվական տեխնոլոգիաները կդառնեն «մեր իսկ դեմ ուղղված զենք»: