WCIT-2019. Արմին Վան Բյուրենը «պայթեցրեց» Հանրապետության հրապարակը. (Լուսանկարներ)
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT-2019») բացումն առանց չափազանցնելու կարելի է աննախադեպ համարել։ Ընդ որում, ոչ միայն մեր երկրի մասշտաբների առումով։ Էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար այն իսկական տոն էր։ Հանրապետության հրապարակում հավաքվածները վայելում էին երեկոն զիլ հնչյունների, լազերային շոուի եւ երաժշտության ներքո, որը նվիրում էր Արմին Վան Բյուրենը՝ համաշխարհային ճանաչում վայելող դիջեյ Հոլանդիայից, «Գրեմմի» մրցանակակիր։
Հրապարակն այնպես էր «Ճոճվում», որ նույնիսկ նրանք, ում էլեկտրոնային երաժշտությունն առհասարակ հոգեհարազատ չէ, դարձել էին այդ մեծ գործողության մի մասը։ «Համեղ» երաժշտական էլեմենտներն ու բիթերը քաղաքի կենտրոնը լցրել էին հզոր էներգետիկայով, տեղափոխում էին այլ իրականություն... Վան Բյուրենը ցույց տվեց, որ երաժշտությունը կարող է շատ տարբեր եւ անսպասելի լինել, կարեւորը տրամադրությունը, «սթրիմը» զգալն է եւ այն քեզանով անցկացնելով՝ զգացմունքային առումով թարմանալը։
Ասում են՝ լավ երաժշտությունը, ինչ ժանրի էլ լինի, ազատում է բացասականից եւ լարվածությունից։ Արմին Վան Բյուրենին այս երեկո, հաստատապես, հաջողվեց մեզանից «մաքրել» զգացական «աղբը»...