Թրամփը հայտարարել է, որ պարտավոր է ուսումնասիրել Բայդենի որդու գործը կոռուպցիայի համատեքստում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հերթական անգամ քննադատել է «ֆեյքային ԶԼՄ-ներին»՝ հայտարարելով, որ որպես երկրի ղեկավար, նա պարտավոր է ուսումնասիրել Ջո Բայդենի որդի Հանթերի հնարավոր կապերը կոռուպցիայի համատեքստում:
« Հնարավոր չէ դիտել եւ կարդալ ֆեյքային ԶԼՄ-ներին եւ այն, թե ինչպես են նրանք կիրառում լծակները Ջո Բայդենին եւ բանակից հեռացված նրա որդի Հանթերին պաշտպանելու համար, որը յուրաքանչյուր ամիս ստացել է 100 000 դոլար (եւ ավելին) ուկրաինական ընկերության կողմից՝ չնայած էներգետիկայի ոլորտում փորձի բացակայությանը»մ-գրել է Թրամփը:
Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահն իր գրառման մեջ պնդում է, որ Հանթեր Բայդենն առանձին ստացել է Չինաստանից 1.5 մլրդ դոլար՝ «չնայած փորձի բացակայությանն ու առանց որեւէ ակներեւ պատճառի»:
«Այդ փոխանցումները կարո՞ղ են լինել օրինական: Ինչպես հայտարարել են իրավաբաններն ու մյուսները, ես, որպես նախագահ, պարտավոր եմ ուսումնասիրել կոռուպցիայի հավանականությունը»,-գրել է Դոնալդ Թրամփը:
Ավելի վաղ Վաշինգտոնում խոշոր սկանդալ էին առաջացրել պնդումները, որ Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա՝ նպատակ ունենալով ստիպել Կիեւին օգնել նրան 2020 թվականին երկրորդ ժամկետով վերընտրվելու հարցում: Ենթադրվում էր, որ Ամերիկայի առաջնորդը ճնշում է գործադրել իր ուկրաինացի գործընկերոջ վրա՝ փորձելով հասնել Ամերիկայի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործունեության հետաքննությանը՝ փոխարենը Կիեւին առաջարկելով ֆինանսական եւ ռազմական աջակցություն Վաշինգտոնից: Երկուշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է Դեմոկրատական կուսակցության կողմից, հայտարարել էր հանրապետական Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին այդ կասկածների հիման վրա: Դեմոկրատ Բայդենն այժմ Թրամփի ամենահավանական մրցակիցն է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ:
Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել էր երկու երկրների առաջնորդների հուլիսյան հեռախոսազրույցի սղագրությունը: Պարզվել էր, որ Թրամփը չէր փորձում ստիպել Վլադիմիր Զելենսկիին հետաքննություն նախաձեռնել Հանթեր Բայդենի նկատմամբ՝ փոխարենն Ուկրաինային ֆինանսական եւ ռազմական օգնություն առաջարկելով: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթները, չի հայտնաբերել ազգային օրենսդրության խախտումներ, ինչպես նաեւ հետագա հետաքննության կամ այլ գործողություններ անցկացնելու հիմքեր Ամերիկայի եւ Ուկրաինայի նախագահների հուլիսյան հեռախոսազրույցի բովանդակության մեջ: