Միացյալ Նահանգներում կբացվի գանգստեր Ջոն Դիլինջերի գերեզմանը: Ասում են՝ այնտեղ ուրիշն է թաղված (Լուսանկարներ)
Ինդիանայի իշխանությունները հավանություն են տվել անցյալ դարի 30-ականների ամերիկյան հայտնի գանգստեր Ջոն Դիլինջերի արտաշիրիմումը։ Հոլիվուդյան «Հանրության թշնամիները» (Ջոնի Դ.) ֆիլմում նրան մարմնավորել է Ջոնի Դեպը։
Դիլինջերի դին պահանջում են գերեզմանից հանել նրա հարազատները, ովքեր վստահ են, որ մեկ ուրիշն է թաղված Ինդիանապոլիսի Քորն Հիլ գերեզմանատանը:
Ընդհանրապես ընդունված վարկածի համաձայն՝ Դիլինջերը Չիկագոյում գնդակահարվել և սպանվել է ՀԴԲ գործակալների կողմից, որից հետո թաղվել է նահանգի մայրաքաղաքում:
Գերեզմանատան վարչակազմը վիճարկել է Ինդիանայի Առողջապահության դեպարտամենտի թույլտվությունը դատարանում, ուստի արտաշիրիմումը կարող է հետաձգվել կամ ընդհանրապես արգելվել, բայց այս պահին այն նախատեսված է 2019-ի դեկտեմբերի 31-ին:
Արտաշիրիմման խնդրանք են ներկայացրել գանգստերի զարմիկները: Նրանք հավատում են, որ 1934 թվականին Չիկագոյի Biograph թատրոնում, որտեղ ենթադրաբար սպանվել է Դիլինջերը, այլ մարդու են գնդակահարել։
Ըստ հարազատների, նրանք ապացույցներ ունեն, որ Դիլինջերի անվան տակ թաղված տղամարդու աչքերի գույնն ու մատնահետքերն ուրիշ են։
ՀԴԲ-ն հարազատների պնդումները դավադրություն է համարում:
Ո՞վ է Ջոն Դիլինջերը
Գանգստեր, որը բնակվում էր Միացյալ Նահանգներում 1930-ական թվականներին՝ Մեծ դեպրեսիայի ժամանակ, և բանկ թալանող հանցախումբ էր ղեկավարում:
Իր հանցավոր գործունեության ընթացքում Դիլինջերը երկու անգամ փախել է բանտից և Միացյալ Նահանգներում վաստակել է «հասարակության թիվ մեկ թշնամի» պիտակը:
Իշխանությունները մի պահ տասը հազար դոլար պարգևավճար խոստացան յուրաքանչյուրին, ով կօգնի բռնել նրան:
2009-ին տեսավարձույթում հայտնվեց ռեժիսոր Միքայել Մաննի «Հանրության թշնամիները» ֆիլմը:
Այն նկարագրում է Դիլինջերի վերջին օրերը և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հայտնվելը իր այժմյան տեսքով։