Կոսովոյի սերբերը քվեարկում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Կոսովոյի ինքնավար սերբական շրջանի հյուսիսային հատվածի սերբ բնակչությունը քվեարկում է ինքնահռչակ հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Սերբական ցուցակ» սերբամետ կուսակցության փոխնախագահ Իգոր Սիմիչին:
«Ինչ վերաբերում է ընտրությունների վայրից ստացված տեղեկատվությանը, ընտրությունները լավագույնս ընթանում են առանց ինչ-որ խնդիրների: Բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամանակին: Մեծ թվով քաղաքացիներ մասնակցում են ընտրություններին. ներկայումս մասնակցությունը ստուգվում է, հստակ թվերը կհրապարակվեն ավելի ուշ: Դա դեռեւս ամբողջ տեղեկատվությունն է, որը ես կարող եմ հաղորդել»,-հայտարարել է նա:
Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ավելի քան 1.9 մլն ընտրողներից 117 808-ը գրանցված է սերբ բնակչության գերակշռմամբ 10 համայնքներում: Կոսովոյի հյուսիսում գտնվող 4 Սերբական համայնքներում գրանցված է 58 187 ընտրող:
Կոսովոյի ինքնահռչակ խորհրդարանում 120 տեղերից 100-ը բաշխվում են ալբանացի պատգամավորների միջեւ, եւս 20-ը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների միջեւ, որոնցից 10-ին ընտրում են սերբերը, 4 մանդատ պատկանում է գնչուներին, աշկալներին եւ հյուպտաներին, 3 տեղ բոշնյակներինն է, 2՝ թուրքերինը, եւս 1-ը՝ գորաններինը:
Գալիք ընտրությունների գլխավոր ինտրիգը շրջանի սերբական փոքրամասնության կամարտահայտման արդյունքն է: 2017 թվականի ընտրությունների արդյունքում, «Սերբական ցուցակ» կուսակցությունը ստացել է խորհրդարանում 10 հնարավոր տեղերից 9-ը, որի արդյունքում այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ռամուշ Հարադինայը ստիպված էր կոալիցիա ստեղծել սերբ պատգամավորների հետ կառավարություն ձեւավորելու համար:
Այս անգամ «Սերբական ցուցակ»-ի դեմ իրականացվել էր ագրեսիվ արշավ. կուսակցության սերբ ընտրազանգվածը փորձել են պառակտել՝ ստեղծելով սերբական կեղծ քաղաքական շարժումներ: Ըստ սերբ փորձագետների՝ Կոսովոյում սերբ փոքրամասնության մասնակցությունը որոշիչ գործոն է այսօր մեկնարկած ընտրությունների ժամանակ: