Մեկնարկել է «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսը
Մերգելյան ինստիտուտի «Երեւան Էքսպո» կենտրոնում տեղի է ունեցել ՏՏ ոլորտի խոշորագույն եւ ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։
«ԴիջիԹեք 2019-ի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ԴիջիԹեքի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԴիջիԹեքի ավանդական պլատինե հովանավոր Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: ԴիջիԹեքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին նաեւ պետական այրեր, տեղական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներ եւ այլ հյուրեր:
ԴիջիԹեքը համախմբում եւ արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ այցելուները ծանոթանում են տեխնոլոգիական զարգացման գլոբալ տենդենցներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց նորարական լուծումները, գործարար շփումների ու նոր հնարավորությունների եզրեր են փնտրում եւ պարզապես՝ տոնում ոլորտային հաջողությունները:
Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ ցուցահանդեսը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019) զուգահեռ։ WCIT 2019-ին, որը հոկտեմբերի 5-9 անց կկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից: ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք՝ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական ներուժին։ Այդ նպատակով կգործի հատուկ տրանսպորտային փոխադրում WCIT 2019-ից Դիջիթեք եւ հակառակ ուղղությամբ
Նախորդ տարվանից սկսած՝ ԴիջիԹեք տեխնոտոնը համապատասխանեցվելով միջազգային ստանդարտներին, գրանցում է այցելուների նախասիրությունները՝ հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար: Գրանցումն անվճար է:
ԴիջիԹեք ցուցահանդեսի բաժիններն են՝ կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ եւ համակարգեր, հեռահաղորդակցություն եւ ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ եւ հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ եւ մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական եւ կիբեռ անվտանգություն: Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, VMware, VOLO, Instigate, Early one, InOne, HackTech, Mtech, TCO եւ մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաեւ «Արմաթ» կրթական ցանցի` Հայաստանով եւ Արցախով սփռված ավելի քան 280 դպրոցների սաներ ու ստարտափեր: Ի դեպ, ստարտափ ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու այս տարի առավելապես ներկայացված են ՀՀ ԲՏԱ նախարարության հովանու ներքո: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 100-ն է:
ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 15-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, պաշտոնական գործընկեր՝ HackTech ընկերությունը, PR գործընկեր՝ P-Art ընկերությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։