Դադա՜ր առեք. Մուշեղն այն տղաներից է, ով մեծացրել է մեր Հայրենիքի սահմաննները. Տավուշի թեմի առաջնորդի գրառումը
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նվիրված օրերս Տավուշում զոհված զինծառայողի հիշատակին:
«Մեր Մուշեղը» խորագրով գրառման մեջ Բագրատ եպիսկոպոսը գրել է.
«Սիրելիներ,
Հայաստանում՝ Տավուշ աշխարհում զինվոր է զոհվել... Մի պահ դադար առե՛ք... Այդ փամփուշտը որ խլել է մեր Թագավոր եղբոր կյանքը, մտել է նաեւ յուրաքանչյուրիս տուն եւ ընտանիք: Խնդրում եմ լռե՜ք, դադար առե՜ք սովորական կյանքից, աղոթքով ու խոնարհումով ճանապարհենք մեր եղբորն ու զավակին: Մայր Հողն այսօր կրկին ճեղքվել է՝ Իր տաքուկ գրկում ընդունելու Իր որդուն... Երկինքը բացված է գրկելու Իր հերոս զավակին..
Մուշեղը՝ Տավուշեցի հինգերրորդ իմ զավակն է, այս անգամ Կողբ համայնքից, ում այսօր փառքով եւ պատվով, խոնարհ սրտով եւ աղոթքով պիտի հանձնենք հավիտենականությանը, ով իր կյանքը կնքեց իմ եւ ձեզ համար՝ իր արյունով ներկելով մեր հողը եւ մեր կյանքը: Գնաց խառնվելու մեր Հաղթանակած Հայրերի փաղանգին...
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի վկայությամբ՝ Մուշեղն այն տղաներից է, ով մեծացրել է մեր Հայրենիքի սահմաննները:
Հոգիդ Աստծո լույսերի մեջ հանգչի եւ Տիրոջ Հարությանն արժանանաս սիրելի եղբայր ու ընկեր, սիրելի Հայրենիքի ու Հավատքի պաշտպան...Պատի՜վը քեզ, իսկ քո չապրածի պատասխանատվությունը մեզ...
Խոնարհումով, արցունքով եւ աղոթքով
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)»: