Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ (Լուսանկար)
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացնում է լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. կառուցվում է նոր ժամանման սրահ, վերակառուցվում է կառամատույցը, հարթեցվում եւ խտացվում է գրունտային հիմնատակը:
«Շիրակ» օդանավակայանի բարեկարգմանն ու տեխնիկապես հագեցվածությանն ուղղված ներդրումների գումարը կկազմի շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք նաեւ, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից եւ երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007թ. ամբողջությամբ հիմնանորոգվել եւ ասֆալտապատվել է թռիչքուղին (երկարությունը` 3220մ., լայնությունը`45մ.), տեղադրվել է Ֆիննական արտադրության IDMAN լուսազդանշանային նոր համակարգ, կառամատույցում կատարվել են տեղային նորոգման աշխատանքներ, բերվել է վերգետնյա սպասարկման հատուկ տեխնիկա: Վերջերս եւս Օդանավերի փրկարարական եւ հակահրդեհային (ՕՓՀ) ծառայությունը համալվեց ժամանակակից Striker-3000 օդանավերի փրկարարական եւ հակահրդեհային մեքենայով: