Պոլսո հայոց պատրիարքարանը չի բողոքարկի ՆԳՆ–ի ուղարկած պատրիարքի ընտրության վիճելի կանոնադրությունը
Պոլսո հայոց պատրիարքարանում հոգեւորականների ու պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամները օրեր առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից ուղարկված պատրիարքի ընտրության հետ կապված կանոնադրության վիճելի կետի շուրջ քննարկում են իրականացրել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Պոլսո հայոց պատրիարքարանում անցկացված քննարկման վերջում քվեարկություն է եղել, որի արդյունքում որոշում է կայացվել պատրիարքի ընտրություններն անցկացնել նշված կանոնադրությամբ եւ չբողոքարկել այն։
Քննարկմանը մասնակցել են նաեւ Պոլսո պատրիարքի փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը եւ Կրոնական խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը։
Նշենք, որ Թուրքիայի ՆԳՆ–ի ուղարկած կանոնադրության մեջ նշվել է, որ պատրիարքի ընտրություններին կարող են մասնակցել միայն Պոլսո հայոց պատրիարքարանի եպիսկոպոսները։ Մինչ այս Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին մասնակցել են նաեւ Ստամբուլում ծնված եւ աշխարհի ցանկացած վայրում հոգեւոր ծառայություն իրականացնող հոգեւորականները։
Այս սահմանափակումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ստամբուլահայ համայնքում։