Թուրքիան և ԱՄՆ-ը Սիրիայում անվտանգության նախատեսվող գոտու երրորդ վերգետնյա պարեկումն են իրականացնում
Թուրքիայի և ԱՄՆ զինվորականները ուրբաթ սկսել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում նախատեսվող անվտանգության գոտու երրորդ համատեղ վերգետնյա պարեկումը։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության ազգային նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիայի և ԱՄՆ զինվորականներն իրականացնում են երրորդ վերգետնյա պարեկումը Սիրիայում Եփրատ գետից արևելք անվտանգության գոտու ստեղծման շրջանակում, մասնակցում են զրահատեխնիկա և անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է ռազմական գերատեսչության հայտարարությունում։
Մինչդեռ, ավելի վաղ՝ երեքշաբթի, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել էր, որ հանրապետությունը մտադիր է ինքնուրույն գործել անվտանգության գոտու ստեղծման շրջանակում, ինչպես նաև տեղեկացրել էր այդ նպատակներով հանկարծակի Սիրիա մտնելու հնարավորության մասին։
Երկու երկրների զինվորականների առաջին վերգետնյա պարեկումն իրականացվել է սեպտեմբերի 8-ին։ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունում նույն օրն այդ գործողությունը գնահատել են որպես «ագրեսիա՝ ուղղված ճգնաժամի ձգձգմանը» արաբական հանրապետությունում։
Թուրքիայի եւ ԱՄՆ զինվորականներն օգոստոսի 7-ին պայմանավորվել են Սիրիայում համատեղ գործողությունների կենտրոն ստեղծելու մասին։ Օգոստոսի 12-ին թուրքական Շանլըուրֆա քաղաք, Սիրիայի սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա, եկել է ԱՄՆ զինծառայողների առաջին խումբը, որոնք աշխատելու են այդ կառույցում։ Կենտրոնը ստեղծվել է երկու երկրների կողմից՝ Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտու պլանն իրականացնելու համար, որտեղ Թուրքիայից կարող են վերադառնալ սիրիացի փախստականները, եւ որը կդառնա պաշտպանական գոտի թուրքական սահմանի համար։ Անկարան պնդում է, որպեսզի անվտանգության նախատեսվող գոտու վերահսկողությունն ապահովվի միայն հանրապետության ԶՈւ-ի կողմից։