Այս տարվա ամռանը «Սոչի միջազգային օդանավակայան»-ի աշխատակիցները հայտարարել էին, որ արդեն 2-րդ տարին է՝ ղեկավարությունը ազատվում է հայկական ազգանուններ ունեցող աշխատակիցներից
Այս տարվա ամռանը «Սոչի միջազգային օդանավակայան» ԲԸ աշխատակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որ արդեն երկրորդ տարին է՝ անձնակազմի կոշտ զտում է կատարվում ազգային հատկանիշի հիման վրա, այն է՝ բոլոր հնարավոր միջոցներով ազատում են հայկական ազգանուններ ունեցող աշխատակիցներին։ Այս առիթով անհանգստություն էին արտահայտել հայ պատգամավորները, իսկ Ռուսաստանում մարդու իրավունքների գծով լիազոր Տատյանա Մոսկալկովան Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն էր հայտնել աջակցելու հարցերի լուծմանը, որոնք վերաբերում են Ռուսաստանի քաղաքացի հայերի աշխատանքային, սոցիալական, բժշկական, թոշակի, կրթական եւ այլ իրավունքներին։
NEWS.am-ը որոշել է պարզել, թե փոխվել է արդյոք այդ ժամանակվանից իրավիճակը Սոչիի օդանավակայանում։ Սոչիի օդանավակայանի աշխատակիցները անանունության պայմանով տեղեկացրին, որ գործընկերների առաջին նամակից հետո ժամանակավորապես անձնակազմի ճնշումը դադարեցվել էր, բայց հիմա նորից ամեն բան շարունակվում է։ «Օդանավակայանում սկսում են փոխել ծառայությունների կառուցվածքը, կրճատում են հաստիքները, թեեւ օդանավակայանի գործունեության համար այդ թվաքանակը բավարար չէ։ Նոր անձնակազմը, հիմնականում՝ սլավոններ, հավաքվում է ժամանակավոր թափուր տեղերի համար, ուսուցանել չեն հասցնում, աշխատանքային խախտումներն ավելացել են տասնյակ անգամներ, թռիչքների անվտանգության մասին առհասարակ ոչ ոք չի մտածում։ Այդ ժամանակավոր աշխատակիցներով նախատեսում են մեզ փոխարինել որակավորումից հետո, որի մասին արդեն հայտարարել են։ Հայերի հանդեպ նման իրավիճակ եւ նման վերաբերմունք Սոչիի օդանավակայանում երբեք չի եղել։ Մեր դիմումները դատախազություն եւ այլ կառույցներ արդյունք չեն տալիս... Մենք դարձել ենք իզգոյ ոչ միայն օդանավակայանում, այլ նաեւ արդեն ամբողջ քաղաքում, աշխատանքի չեն վերցնում նաեւ այլ կազմակերպություններում եւ ձեռնարկություններում»։ Աղբյուրի խոսքով՝ ընկերության հերքումները լրիվ սուտ են։ «Նրանք գրում են ինչ-որ 3 տոկոս ազատված հայերի մասին, բայց հավատացեք, դա ճիշտ չէ, արդեն ազատել եւ առաջիկայում կազատեն շատ ավելի մեծ թվով մարդկանց։ Մենք Սոչիի օդանավակայանում առնվազն 20-25 տոկոս ենք։ Ռոսավիացիան եւ տրանսպորտի նախարարությունը, ստուգումներ չկատարելով եւ այստեղ չգալով, չշփվելով աշխատողների կոլեկտիվի հետ, պատասխանել են առաջին դիմումին, թե –ան եւ –յան ազգանուններով ազատվածների տոկոսը 9 է (թեեւ հայկական ազգանուններում –ան վերջածանց չկա), իբր, ամեն բան լավ է, օրենսդրության շրջանակում... Ծառայությունների բոլոր պետերը գիտեն կատարվողի մասին, նրանցից շատերը գուցե չեն էլ ուզում զբաղվել դրանով, բայց նրանք ընտրություն չունեն, քանի որ նրանց վախեցրել են, թե առանց աշխատանքի կմնան, եթե հրամանը չկատարեն»։
Ավելի վաղ ազատվել էին հայազգի երկու ղեկավարներ, որոնք զբաղվում էին բեռների մշակման համակարգերի սպասարկմամբ եւ օդանավակայանի օդորակմամբ։ «Նրանք մեծ փորձ ունեին եւ բարձր որակավորում։ Մինչեւ հիմա նրանց չեն փոխարինել»,- նշել է աղբյուրը։
«Աշխատողներից ազատվելու համար մշակվում են վերգետնյա սպասարկման ծառայության կառույցների փոփոխություններ։
Դա վերաբերում է բեռների մշակման ընդունման համակարգերը սպասարկողներին, օդանավի վերահսկողության կարգավարներին, հատուկ տրանսպորտի վարորդներին, հավաքարարներին, միջնակարգ եւ բարձրագույն կրթությամբ ավիացիոն մասնագետներին նախատեսում են փոխարինել այդ կրթությունը եւ որակավորումը չունեցող մասնագետներով, մասնավորապես, վերգետնյա սպասարկման ղեկավարի տեղակալը ոչ մի կրթություն չունի, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ թռիչքների անվտանգության վրա։ Վարորդներին, որոնք բազային B եւ C կարգեր չունեն, նորից սովորեցնում են վարել հատուկ տեխնիկան օդանավերի սպասարկման համար (էլեկտրաքարշակներ, կոնտեյներային բեռնափոխադրիչներ)։
Դա արվում է այն բանի համար, որպեսզի նվազեցվի հաստիքացուցակը հայկական ազգանուններ ունեցող անձնակազմի համար, թեեւ այդ պաշտոնների համար առ այսօր մարդիկ են փնտրում»,- ընդգծել է նա։ Նրա խոսքով՝ վերջին 9 ամիսներին աշխատանքի չի ընդունվել հայկական ազգանուն ունեցող ոչ մի աշխատակից։
Բացի այդ, օդանավակայանի ղեկավարությունն անձեռնմխելիության դիմաց առաջարկել է որոշ աշխատակիցների (հայազգի) բացատրություններ տալ քննչական կոմիտեին, այն է՝ հաստատել, որ այն ամենը, ինչ գրում են լրատվամիջոցները, չի համապատասխանում իրականությանը եւ ոչ մի խտրականություն չկա։
Այս ամենն արվում է այն բանի համար, որպեսզի գործին հետագա ընթացք չտրվի»,- ընդգծել է անունը նշել չցանկացող աշխատակիցը։ «Մենք այսքան տարի ենք տվել ավիացիային եւ մեր ձեռնարկությանը, շատերն աշխատել են ոչ մեկ տասնամյակ, ունեն պարգեւներ եւ շնորհակալագրեր, իսկ մեզ հետ այսպես են վարվում՝ նվաստացնում եւ խտրական վերաբերմունք են ցուցաբերում»,- ամփոփել է նա։